Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժ

Մինչ երկու մելիքները տխուր հուսահատության մեջ նախատում էին իրանց անհեռատեսությունը, պախարակում էին իրանց դանդաղկոտությունը, այդ միջոցին բանտապետը դուրս էր բերում գերիներին իրանց մթին խորշից: Նայողների հետաքրքիր բազմությունը հավաքված էր այնտեղ, և անհամբերությամբ սպասում էին տեսնել այդ թշվառներին, որոնք մի քանի ամիս մաշվում էին ստորերկրյա զնդանի մեջ: Այնտեղից դուրս բերեցին գերիներին, մի քանի ղաթարներով, որպես քարավանի գրաստներին կապում են միմյանց հետ։ Յուրաքանչյուր ղաթարը բաղկացած էր քսան հոգուց. մի երկայն շղթա, որի օղակները անց էր կացրած նրանց պարանոցով, կապում էր բոլորին միասին։ Այդ բավական չէր, բոլորի թևքերը ետևից շղթայված էին կապանքներով։ Բանտապետը սկսեց բաց անել կապանքները։ Շատերը չէին կարողանում ոտքի վրա կանգնել. ստորերկրյա զնդանի սպանիչ խոնավությունը անցել էր մինչև նրանց ոսկրները և թուլացրել էր նրանց ջղերը։ Մարդ սարսափում էր, նայելով այդ մաշված, դեղնած, դալկացած թշվառների վրա, որոնք, կարծես, գերեզմանից էին դուրս գալիս։ Տեսնելով դրսի օդը, դրսի լույսը, նրանք փոքր–ինչ զվարթացան, իսկ ազատության հույսը կյանք տվեց նրանց։ Շղթաների մեջ մի քանիսը մեռած էին. դիակը օրերով կապված էր մնացել կենդանի ընկերի հետ։ Նրանց կրկին ձգեցին զնդանի մեջ, որ հրապարակի վրա չմնան, որ Թորոսի մարդիկը չտեսնեն։

Դժվար է նկարագրել այն անսահման ուրախությունը, որ տիրեց այդ թշվառներին, երբ Թորոս իշխանի մարդիկը եկան նրանց տանելու։ Մի քանի րոպե ցնորվածի նման գրկախառնվում էին, համբուրվում էին և շատերը արտասուք էին թափում։ Թորոսի, այդ փրկարար հրեշտակի, պաշտելի անունը մոռանալ տվեց նրանց կրած տանջանքները։ Շատերի համար մաքուր հագուստներ էին ուղարկված իրանց ազգականներից, և սկսեցին անմիջապես փոխել իրանց կեղտոտ հագուստները։ Պատանի Ստեփաննոսը հագնվեցավ, որպես վայել էր մի իշխանական տոհմի ներկայացուցչի։ Նրա գլխի վերքը հոգատար տիկնոջ խնամքով բավական լավացած էր, իսկ գունաթափ, հիվանդոտ դեմքը իր թառամության մեջ ավելի գեղեցիկ էր։ Երբ նա բոլորովին պատրաստ էր, խանի մանկլավիկներից մեկը մոտեցավ նրան, և գլուխ տալով, ասաց.

– Խանը հրամայեց իր հետ ճաշել, Թորոս իշխանն էլ այնտեղ է։