Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զրկելու ու տանջելու փորձությունների մեջ, մտածում են գտնել մի հոգևոր և գերբնական գոյափոխություն, որ կհեշտացներ նրանց հաղորդակցություն ունենալ անմարմին էակների հետ։ Մերկ պարանոցի վրա, կանանց մանյակների նման, անցուցած էին զանազան տեսակ հուլուններ, որոնք կախարդական և թելիսմանական նշանակություն ունեին։ Երկու ձեռքերի, մինչև արմունկները մերկ, բազուկների վրա փաթաթած էին աղոթելու «տերողորմյաներ» յուսրից[1] շինված, սև և խոշոր հատիկներով։ Երեսի թուխ կաշին, գլխի և մորուքի սև, և փոքր–ինչ ստևանման մազերը ցույց էին տալիս, որ այդ թափառաշրջիկ մերկիմաստասերը եկած պիտի լիներ Արաբստանի խորքերից։ Նրա խռպոտ ձայնը և պարսկական մաքուր արտասանությունը հաստատում էր այդ։ Բայց նրա խոսակցությունը ավելի երգի հանգ

և ներդաշնակություն ուներ, քան հասարակ խոսակցության։ Նա ավելի պատասխանում էր, քան թե խոսում էր։ Նրա պատասխանները կարճ հանելուկների ձև ունեին, որոնց պետք էր մեկնել, բացատրել։ 

Ճաշի ժամանակ էր։ Խանի մանկլավիկներից մեկը, մի ձեռքում բռնած արծաթե լագան, մյուսում արծաթե ջրածիկ (աֆտաֆա) մտավ վրանը։ Նախ լագանը դրեց խանի առջև, չոքեց, սկսեց ջուր ածել նրա ձեռքերի վրա, նա լվացվեցավ։ Հետո լագանը դրեց դերվիշի առջև. նա հրաժարվեցավ լվացվելուց, հայտնելով, թե լվացվելու սովորություն չունի։ Հետո լագանը դրեց իշխանի առջև, իսկ նրա լվացվելուց հետո հերթը հասավ Ստեփաննոսին և գլխավոր քարտուղարին։ Բայց պետք է ասած, որ ամենքը ավելի թրջում էին իրանց ձեռքերը, քան թե լվացվում էին։

Դերվիշի յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր սովորությունը միշտ խորհրդավոր նշանակություն ունենալով պարսիկների աչքում, խանը հետաքրքրվեցավ իմանալ, թե ինչո՞ւ նա լվացվելու սովորություն չունի։

– Պետք է մաքրել ներքին մարդը,– պատասխանեց նա։

– Ներքին մարդը ո՞րն է։

– Հոգին։

Եվ իրավ, նա երկար տարիներ չէր լվացվել, և ամբողջ մարմինը կեղտով պատած, հոտում էր։ Ավելի զզվելին այն էր, որ զանազան միջատներ համարձակ կերպով շրջում էին, վժվժում էին

  1. Յուսր մի տեսակ ծովային կենդանի է պոլիպների տեսակից: