տեսավ նրան լեռների վրա, ոչխարներ էր արածացնում, տեսավ և հավանեց նրան, ներքինիներից մեկին ուղարկեց նրան բերեցին իր կանանոցը, աղջկա ծնողները ուրախացան, որ նա ընկավ խանի կանանոցը, թեև մի ուրիշ տղայի հետ նշանված էր, բայց «անզգամը» երևի չմոռացավ նրան, և խանին սպանելով, աշխատում էր կրկին ընկնել իր սիրելիի գիրկը։
Հարեմական ինտրիգաները, խեղճ կնոջ եղերական պատմությունը, թույնը,– այդ բոլորը այն աստիճան անախորժ տպավորություն գործեցին թե՛ իշխանի և թե՛ պատանի Ստեփաննոսի վրա, որ նրանք բոլորովին կորցրին իրանց ախորժակը մի բան ուտելու, թեև պարսկական խոհանոցի արդյունաբերությունը հրապուրելու չափ համադամ էր։ Պղնձե պնակների կալպակները բարձրացնելով, գտան նրանց տակ ամեն տեսակ խորտիկներ, սկսյալ մսեղեններից, մինչև ընդեղեն, բանջարեղեն կերակուրները և բազմատեսակ անուշեղենները։ Նրանց մոտ գրած էին ահագին ամանների մեջ զանազան տեսակ քաղցր շերբեթներ և մածնաթան (աբդուղ), որոնց պետք էր խմել ահագին շերեփներով, որ խիստ նուրբ և գեղեցիկ կերպով շինված էին շիմշատի դեղին փայտից: Ոգելից ըմպելիքներ չկային։ Դանակ, պատառաքաղ, սեղանի այսպիսի պարագայք չկային։ Բոլոր կերակուրները պետք էր ուտել մատներով։ Երբեմն խանը յուղաթաթախ մատներով վեր էր առնում իր բաժնից մի պատառ տապակած միս կամ մի բուռը փլավ, և դնելով իշխանի պնակի մեջ, ասում էր.– Կերեք, դա լավ կտոր է։ Այդ առանձին ուշադրություն և առանձին պատիվ էր հյուրին։ Դերվիշը ոչ մի կերակուրի չդիպավ, հայտնելով, թե սովորություն չունի մսեղեն կերակուրներ ուտելու։ Նրա կարծիքով այդ մի տեսակ գազանություն էր, որ մի անասուն մորթում, ուտում էր մի ուրիշ անասունի միսը։ Նա առեց մի կտոր ցամաք հաց, թաթախեց աղի մեջ և կերավ։ Այդ եղավ նրա ճաշը։ Հետո հեռացավ սեղանից, կուչ եկավ վրանի մի անկյունում, և հանեց իր կշտից քարշ ընկած, հովվի մախաղի նմանություն ունեցող գրպանից մի ինչ-որ բան[1] դրեց փոքրիկ ղեյլանի գլխի վրա, վառեց ղեյլանը, սկսեց ծխել: Մի րոպեում ամբողջ վրանը լցվեցավ դառն, կծու և խեղդող ծխով։ Բայց այդ արբեցուցիչ ծուխը որքան անտանելի էր ուրիշներին, այնքան բավականություն էր պատճառում դերվիշին։ Նա արդեն մի տեսակ
- ↑ Դերվիշների ծխելիքը կոչվում է բանկ, որը պատրաստվում է կանեփի ծաղիկներից ուրիշ բաղադրությունների հետ: Նա արբեցնում է ծխողին և նրա ուղեղի մեջ երևան է հանում զանազան տեսիլքներ: