կազմում, և խաները թեև նույն պետության ավատական իշխաններ էին համարվում, բայց շատ անգամ օգուտ քաղելով Պարսկաստանի ներքին խռովություններից կամ շահերի ստեպ ստեպ փոխվելուց, որից առաջ էր գալիս անիշխանություն խաները այդ ժամանակ ապստամբվում էին, և քիչ չէր պատահում, որ շահերը կամ նրանց զորապետները տկարանային նվաճելու իրանց վասալներին։ Եվ այսպես, ներքին ու արտաքին խռովությունները պահպանում էին իրանց անխզելի կապը։
Եթե ավելացնենք դրանց վրա օսմանցիների արշավանքները, Կովկասի լեռնաբնակների հարձակումները, կտեսնենք, որ Հայաստանը այն ժամանակ ներկայացնում էր մի սարսափելի պատերազմական դաշտ, ուր առավելապես ծեծկվող, փշրվող և մաշվող տարրը էր նույն ազգը, որ մի ժամանակ այդ երկրի տերն էր։ Եվ այդ կոտորածների մեջ հայ ժողովուրդը և հայ մելիքները պետք է պահպանեին իրանց գոյությունը...
Բ
1722 թվին լեզգիների ահագին բազմություն, խառն կովկասյան այլ լեռնաբնակների հետ, արշավանք գործեցին դեպի Ավղանից և Սյունյաց երկրները, և ասպատակելով Նուխու, Շամախու, Գանձակա գյուղորայքը, անցան մինչև Սևանա լիճը։ Շամախու հայ իշխան Մուսա Բեգյանը կամեցավ արգելել վայրենիների հարձակումը, բայց չկարողանալով դեմ դնել նրանց ահագին բազմությանը, ընկավ կռվի դաշտում։ Վայրենիները հափշտակեցին բազմաթիվ գերիներ հայոց աղջիկներից, պատանիներից և մանկահասակ կնիկներից, որպես վաճառք, օտար երկրներում ծախելու համար։ Իսկ ծերունիների մեծ մասը կոտորեցին։ Տեղային մահմեդականները, օգուտ քաղելով այդ խռովություններից, իրանք մի կողմից սկսեցին կողոպտել հայերին։ Երկիրը սարսափի մեջ ընկավ։ Ազատվեցան նրանք միայն, որ թողեցին իրանց տունը, տեղը, կայքը և պատսպարվեցան լեռների, անտառների անմատչելի խորշերում։ Այդ ժամանակ իր խումբերով վրա հասավ Գուգարացոց (Մեծ Սղնախի) Հովհաննես իշխանը, հավաքեց ցրված հայերին, նրանց սիրտ և խրախույս տվեց, և բավական ուժ կազմելով, հարձակվեցավ լեզգիների վրա։ Թեև նրան հաջողվեցավ մաքրել երկիրը այդ ավազակներից, հետ խլել ավարի մի մասը և կրկին