Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դու ես մնացել։ Աստված ինձ ուրիշ զավակներ չտվեց. եղածները բոլորը մեռան։ Եթե դու ևս չմխիթարես քո հոր ծերությունը, ի՞նչ կլինի նրա վիճակը։

Սյուրին դեռ նայում էր գորգի վրա. այժմ սկսել էր համբարել նրա մյուս եզերքի քառակուսիները։

– Ես շրջապատված եմ թշնամիներով,– շարունակեց հայրը,

– իմ խորհրդակիցները, իմ մտերիմներն անգամ փոս են փորում իմ առջև։ Ամեն կողմից աշխատում են ինձ ցած գցել, ամեն կողմից պատրաստվում են խլել իմ փառքը։ Իմ ծերությունը խայտառակությունով կվերջանա, եթե դու չօգնես ինձ։ Դու այն գավազանն ես, որ պետք է նեցուկ լինի ծերունի հորը, որի վրա հենած, նա պետք է շարունակե իր ընթացքը։ Բայց դու այն աստիճան անգութ ես, Սյուրի, որ մինչև անգամ մերժում ես հոր այցելությունը։

Սյուրին լսեց վերջին խոսքերը միայն։ Նա անգիտակցաբար համբարում էր գորգի քառակուսիները, բայց նրա միտքը թռել, սլացել էր հեռու և հեռու, այն պատանու մոտ, որին Թորոս իշխանը այսօր իր հետ տարավ։

– Այո՛, ես առավոտյան մերժեցի քո այցելությունը,– պատասխանեց նա, գլուխը վեր բարձրացնելով և այժմ միայն ուղիղ կերպով նայելով հոր երեսին։– Հիմա ընդունեցի։ Ի՞նչ ասելիք ունես։

Այդ հարցը ավելի խոր խոցեց հոր սիրտը։ Կնշանակե նա չէր լսում իր խոսքերը, կնշանակե ոչինչ ազդեցություն չունեցան իր քարոզները։ Նրա հույսերը բոլորովին ջարդ ու փշուր եղան, բայց դարձյալ չկորցնելով իր վստահությունը, ասաց.

– Սյուրի, դու պետք է միջնորդես խանի մոտ, որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը ինձ հանձնե։ Դու կարող ես այդ անել։

– Ես կարող եմ, բայց չեմ անի։

– Ինչո՞ւ։

– Ես չէի ցանկանա, որ Գենվազի և Բարգյուշատի հայ բնակիչները այնքան տանջվեին քո ձեռքում, որ գային խանի դռանը և իրանց կրակ տային, այրվեին, ինչպես այրվեցին այսօր տաթևացիները։

– Սյուրի, ընդունիր իմ խնդիրքը, աղաչում եմ,– առաջ տարավ նա ողորմելի ձայնով։– Եթե ծերունի հայրը ոչինչ հարգանք չունի քեզ մոտ, գոնե հիշիր մորդ, որ նրա կինն է եղել, որին սիրում էիր դու։