գրկել իր հորը, համբուրել նրա շրթունքը, որ արտասանեցին այդ տխուր, ապաշխարության խոսքերը, որ աոաջին անգամն էր լսում նրա բերանից։ Բայց այդ միջոցին վրանի մուտքի առջև արձանացավ ծերունի ներքինապետի զայրացած պատկերը և լսելի եղավ նրա առնական ձայնը.
– Դու,– ասաց նա մելիքին,– նախքան մեղանչելը քո տանիքի, քո զավակի և քո անբախտ կնոջ առջև, մեղանչել ես քո ազգի առջև, որի որդիքը, քո հարստահարություններից ազատվելու համար, այսօր իրանց այրեցին։ Դու մեղանչել ես Հիսուս Քրիստոսի առջև, որովհետև ուրացար մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի կրոնը։ Ոչ ոք չի կարող ներել քեզ, մինչև ազգը և եկեղեցին չներեն քեզ։ Եթե քո խոսքերը ճշմարիտ են, եթե զարթել է քո մեջ խիղճը, գնա՛, մտի՛ր Տաթևի վանքի մեջ, որ քո ձեռքով քանդեցիր, որի սրբությունները կողոպտեցիր,– գնա մտիր նրա տաճարի մեջ և այնտեղ ներողություն խնդրիր։ Այն ժամանակ բոլորը կհաշտվեն քեզ հետ, թե ազգը, թե եկեղեցին, և թե քո զավակը։ Բայց քանի որ դու քո փառասիրության համար ոտնակոխ կանես ամեն սրբություն, ամեն մարդ անեծք կթափե քո գլխին։ Ինչու՞ ես մոլորեցնում այդ անբախտ աղջկան, ինչո՞ւ ես աշխատում նրան գործիք շինել քո չար դիտավորություններին։ Բավական չէ՞, որ Տաթևի ամբողջ գավառը տանջվում է քո ձեռքում, հիմա կամենում ես Գենվազը ու Բարգյուշատն է՞լ ձեռք գցել։ Այդ չես կարող հաջողեցնել։ Այդ երկու գավառները պատկանում են այն պատանուն, որի հոր իշխանությունը ոչնչացավ քո սատանայական դավաճանությամբ, որը այդ կնոջ օրինավոր նշանածն էր։ Բայց դու ոտնակոխ արեցիր թե քահանայի օրհնությունը, թե աղջկա սերը...
Վերջին խոսքերը կրկին բաց արեցին Սյուրիի վերքերը, կրկին զարթեցրին նրա մեջ վաղեմի դառն ատելությունը դեպի իր հայրը։ Մելիք Դավիթը մի քանի րոպե մնաց շանթահարի նման պապանձված, և ոչ մի խոսք չգտավ պատասխանելու։ Ո՞րտեղից հայտնվեցավ այդ սատանան, մի՞թե նա լսում էր դրսից իր բոլոր խոսակցությունները։ Մելիք Դավիթը պատրաստ էր իր սուրը նրա կողքը խրել, այդ կլիներ ամենաազդու պատասխանը նրա կարծիքով, բայց խանի ներքինապետի վրա ձեռք բարձրացնելու չափ նա քաջություն չուներ։ Այս պատճառով ասաց նա չար ծաղրածությամբ.
– Մի հայ, որին կոչում են Ահմեդ, փոխանակ ուրիշներին