Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խրատներ տալու, ավելի լավ կանե, եթե նախ ինքը գնա, մտնե Տաթևի վանքը և կրկին ընդունե քրիստոնեությունը...

Մելիքի ակնարկությունը չափազանց վիրավորական էր։ Ներքինապետը կծու կերպով պատասխանեց նրան.

— Ես այդ վաղուց կանեի, եթե հարկադրված չլինեի, Ահմեդ անվան տակ ծածկվելով, պաշտպանել իմ ազգայիններին ձեզ պիսիների չարագործություններից։ Ես հույս ունեմ, որ մեր Լուսավորիչ պապը կներե ինձ, որովհետև երբեք դավաճանած չեմ նրա եկեղեցուն, այլ որքան կարողացել եմ, պահպանել եմ նրա գառները ձեզ նման գայլերից...

— Եվ դու կվարձատրվես այդ ծառայություններիդ համար...

— Չլինի՞ դիտավորություն ունես ինձ ևս մատնելու,— խոսեց ներքինապետը զայրացած կերպով.— հրամայեցեք, ճանապարհը ձեզ ցույց կտամ...

Մելիքը վեր կացավ և մրթմրթալով հեռացավ։ Սյուրին և ներքինապետը մնացին միայնակ։

— Դու իզուր բարկացրիր նրան, Ահմեդ,— ասաց տիկինը.— նա ամեն բան պատրաստ է անել։

Անհոգ կացեք, տիկին, ոչինչ չի կարող անել,— պատասխանեց ներքինապետը հանդարտությամբ։— Նա ունի ինձ մոտ մի այնպիսի գաղտնիք, եթե խանին հայտնելու լինեմ, իսկույն նրան գլխատել կտա։ Ես հենց այս գիշեր նրան զգալ կտամ, որ նրա կյանքը իմ ձեռքումն է, և նա լեզուն կքաշե...

Խորին տխրության մեջ սկսեց տիկինը դիմել դեպի իր վրանը։ Նա իրան այնքան անբախտ էր զգում, որ լսում էր իր հոր մասին հարյուրավոր վիրավորական խոսքեր, բայց բարկանալու իրավունք չուներ։ Ի՜նչ կարող էր ասել դառն ճշմարտությունների դեմ։ Նա ուներ մի հայր, որը ոչ երկնքում և ոչ այս աշխարհում ոչ մի հատիկ բարեկամ չուներ, որին դավաճանած չլիներ։ Նա մինչև անգամ հանցավոր էր խանի մոտ, որի բարերարությունները վայելում էր։

ԺԲ

Երբ մելիք Դավիթը աշխատում էր Սյուրիի աջակցությունը որսալ, նրան իր նոր նենգավորությունների գործիք դարձնել, այդ ժամանակ մելիք Ֆրանգյուլը տխուր, հուսահատական դրության մեջ դուրս եկավ խանի վրանից։ Նա գնացել էր խանի մոտ խնդրելու