Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը իրան հանձնեք բայց մերժում ստացավ, թեև խոստանում էր յուրաքանչյուր տարի վճարել խանին հինգ հազար թուման փող, երեք հազար թաղար ցորյան, երկու հազար թաղար գարի, և ամեն տարի երկու հատ գեղեցիկ հայ աղջիկներ հարեմի համար։

Դուրս գալով խանի վրանից, նա, մոլորվածի նման, չգիտեր դեպի ո՛ր կողմը գնալ։ Գնա՞լ իր իջևանը, ուր ամոթալի դեմքով, պիտի հանդիպեր մելիք Դավիթին,— այդ մեռնելու չափ անտանելի էր նրան։ Նա իր շահերը բաժանեց մելիք Դավիթից, թողեց նրան և սկսեց առանձին գործել, վստահացած լինելով, թե հաջողություն կգտնե և միայնակ Գենվազը ու Բարգյուշատը իր ձեռքը կգցե։ Իսկ այժմ նրա բոլոր հույսերը իզուր անցան։ Նա այնքան չէր ցավում, որ զրկվում է երկու հարուստ գավառների իշխանությունից, որքան ամաչում էր հանդիպել մելիք Դավիթին և լսել նրա այսօրինակ հեգնական խոսքերը.— բարեկամ, «աշունը շան թաթը չի կոխի», դու ուզում էիր հալվան մինակ ուտել և ընկերիդ չտալ, դրա համար էլ աստված քեզ պատժեց։ Իհարկե, եթե մելիք Ֆրանգյուլին հայտնի լիներ իր ընկերոջ գտած նախատական ընդունելությունը Սյուրիի մոտ, նա այնքան չէր տանջվի և բոլորովին հուսակտուր չէր լինի։ Նա կմտածեր, եթե ոչ այսօր, գուցե վաղը, մյուս օրը դարձյալ կարող էր հասնել իր նպատակին։ Բայց նա հավատացած էր, որ որքան էլ թշնամական լինեին աղջկա հարաբերությունները հոր հետ, դարձյալ Սյուրին իր հոր կողմը կբռներ։ Այժմ ի՞նչ անել, ո՞ւր գնալ։ Նա մնացել էր մոլորված։ Հպարտությունը խեղդում էր նրան։ Մտածում էր գնալ, ձի նստել և գիշերով հեռանալ, առանց մելիք Դավիթի կամ մի այլ մարդու հետ տեսնվելու։ Գոնե այսպիսով ազատ կմնար ամոթից և նախատինքից։ Բայց ո՞ւր գնալ,— այդ հարցը դարձյալ դժվարության մեջ էր դնում նրան։ Գնալ իր տունը։ Բայց ի՞նչ երեսով նայել իր կնոջ, իր որդիների վրա, որոնք մեծ անհամբերությամբ սպասում են նրա վերադարձին, սպասում են դիմավորել նրան նոր փառքով, Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը ստացած։ Ի՞նչ պատասխան տալ իր տանուտերներին, որոնց առաջմանե գրած էր, թե նա արդեն ստացել է այդ երկու գավառների իշխանությունը և մելիք Դավիթը կորցրել էր իր նշանակությունը։

Մի հզոր պաշտպան, մի զորեղ ձեռք պետք էր, որ նրան դուրս բերեր իր անել դրությունից։ Ո՞ւմը դիմել, ո՞ւմ օգնությունը