Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրապարակախոսն իրավացի է, երբ մատնանշում է պոլսահայ շարժումների մեջ իրենց դասակարգային եսասիրական շահերը որոնող տիրող խավերի քստմնելի դերը։ Նա պաշտպանում է պատրիարք Խրիմյանի գործունեությունը, որ ուղղված էր չափավոր սահմանադրականների դեմ։ Նա զայրագին հարձակվում է կրոնական երկպառակությունների ռեակցիոն երևույթի վրա։ «Հասունյանը և յուր կուսակցությունը» հոդվածում Րաֆֆին ուժգնորեն դատապարտում է Հասունյանի կուսակցությանը որպես Հռոմի պապի—«այդ համաշխարհական հրեշի»,— կաշառված գործակալություն հայերի մեջ։ Քաղաքական շահեր և ոչ թե կրոնական զգացմունքներ,— ահա՛ թե ինչ են որոնում պապը և Հասունյանը Հայաստանում։ Արևմուտքում իշխող պապը գլորել է հայ թագավորությունները, թշնամացրել է այլ ժողովուրդների Հայաստանի դեմ, դառնությամբ ու արյունով է լցրել նրա պատմությունը։ Եվ, Րաֆֆին ընդունելով հակահասունյան շարժման կարևորությունը, գրում է, թե Հասունի թշնամիները «ճանաչեցին այն վաղեմի սխալը, թե արևմուտքից նորանց օգուտ չկա, որ պետք է չհիմնվել յուրյանց սեպհական ուժերի վերա և պահպանել յուրյանց ազատությունը և ազգային իրավունքները»։

Ծագում է ռուս-թուրքական պատերազմը Րաֆֆին, բացի գեղարվեստական երկերից՝ «Ջալայեդդին», «Խենթը», տպագրում է հոդվածներ, որոնք նվիրված են պատերազմին, Հայաստանին ու հայ ժողովրդին՝ պատերազմի տարիներին։

«Արևելյան հարցը» դառնում է օրակարգի խնդիր։

Արևմուտքի բուրժուական պետությունները, վախենալով ռուսական զենքի հաջողություններից, փաստապես կանգնում են Թուրքիայի կողմը, խափանում են արևմտահայ ժողովրդի ազատագրությունը սուլթանական լծից, «հայկական հարցը» 16 և 61-րդ հոդվածներով դարձնում են սուլթանի կամայականությունների մի արյունոտ հարց։

Ի՞նշ է Րաֆֆու դիրքը։ Նա ամբողջ էությամբ ձգտում է հայ ժողովրդի փրկությանը սուլթանական լծից։ Րաֆֆու փայփայած երագն է այդ։ Հրապարակախոսն ամենից առաջ գաղափարական հարվածներ է տեղում Թուրքիայի վրա։ «Սրբազան պատերազմը և քրիստոնյաների վիճակը Փոքր Ասիայում» հոդվածում նա ցույց է տալիս, որ Թուրքիան, սրբազան պատերազմ հայտարարելով, նպատակ ունի բնաջինջ անել ազատագրության ձգտող ժողովուրդներին, նաև հայ ժողովրդին և որ իսլամը նա դարձրել է այդ պատերազմի գաղափարական դրոշը։ Ժողովուրդների բնաջնջման թուրքական մեթոդը բարբարոսական մեթոդն է։ Եվ սուլթանի հայտարարած սրբազան պատերազմը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովուրդների «կողոպուտ, հարստահարություն և կոտորած»։ Րաֆֆին փաստեր է պատմում այն մասին, թե ինչպես է հարստահարվում ու կողոպուտի մատնվում Հայաստանը, փաստեր, որ գեղարվեստական պատկերներ են դառնում «Զալալեդդինում», որ նույն վիճակի մեջ են «ամբողջ Փոքր Ասիայի քրիստոնյաները.․.»։ «Ամեն տեղից լսվում է հարստահարություն, կայքի հափշտակություն, կանանց բռնաբարություն և կոտորած»։ Րաֆֆին հարցնում է.— «Բայց հասկացա՞վ Եվրոպան ի՞նչ բան է սրբազան պատերազմը և որքան չարիքներ էին թաքնված նրա ներքո»։ Անգլիան, որ գլխավորում էր Եվրոպայի դիվանագիտությունը, հենց այդ «Անգլիան վաճառական է— ասում է Րաֆֆին։—Ամեն վաճառական շահասեր է և եսական։ Ուր շահ կա, այնտեղ մարդկային գութը տեղիք չունի․․․»։ Այսպես, Անգլիայի, Բիսմարկի Գերմանիայի, Ֆրանսիայի թողտվությամբ ու