Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես խաչի գործածությունը քրիստոնեական աշխարհում:

Թե լուսինը պաշտվում էր հայերից որպես աստված, այդ մենք գիտենք, իսկ թե օձերը և վիշապները նույն արտոնությունն էին վայելում, այդ հարցը այնքան տարակուսական է, որ խորին քննությունների է կարոտ: Միայն կասենք, որ օձերը և վիշապները կախարդության մեջ մեծ դեր էին խաղում: Եվ այսօր օձի շապիկը հայը պահում է յուր ծոցում, տալով նրան թիլիսմանական նշանակություն:

Վիշապները իրանց հսկայական զորությամբ անկարելի բան է, որ նույն ազդեցությունը չունենային հայի սնահավատության վերա, որպես Եգիպտոսում և Հնդկաստանում: Առհասարակ հայը նայում է վիշապների վերա, որպես անմահ էակների վերա, իբր թե վիշապը հազար տարեկան դառնալեն հետո, հրեշտակները քաշում են նրան դեպի երկինքը, որ երկիրը չապականե: Այդպես է նայում հայը թաթառի, կամ դեպի երկինքը բարձրացող պտտվող մրրիկների սյուների վերա: Հիշյալ երևույթներին նա տալիս է մի խորհրդական նշանակություն, որպես թե վիշապներ էին քաշվում:

Վասպուրականի հայերը հավատում են, թե Վանա ծովակի խորքումը բնակվում է մի վիթխարի վիշապ, որի վերա պատմված հրաշալիքները հիշեցնում են Հոբա լևիաթանը:

Ավելի առասպելական բնավորություն ունի տեղային հայերի կարծիքը օձերի մասին, իբր թե նրանք մի կազմակերպված կառավարություն ունեն. թագավորը կրում է թանկագին գոհարներով զարդարած պսակ. նրա թագուհին բոցագույն գիսակներ ունի. թե նրանց ամրոցը գտնվում է Դազոնաց լեռան այրերի մեջ: Թագավորը յուր զորքերով կռվելու է գնում Դիարբեքիրի (Տիգրանակերտ) կողմերում բնակվող յուր հպատակ օձերի հետ, երբ նրանք ապստամբվում են, հաղթում է նրանց և դառնում է գերիներով և անհուն ավարով1 և այլն:

Այդ առասպելը չէ՞ հիշեցնում արդյոք մեր Երվանդյան Տիգրանի պատերազմը Աժդահակի և վիշապազանց հետ:2

—————

1 Այդ ավանդությունը սույն իսկ ձևով պատմվում է Նախիջևանի մոտ գտնվող Իլան-Դաղի (օձի սարի) մեջ բնակվող օձերի և նրանց պետության մասին։

2 Աժդահա պարսից և մեդացվոց լեզվով նշանակում է վիշապ։ Խորենացին նկարագրում է Տիղրանի պատերազմը վիշապազանց հետ և թե այդպիսի առասպելաբանական կերպարանք ստացավ նա հայերի ժողովրդական վեպերի մեջ։