Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկողնի վարագույրները, որ դրած է ծովակի հատակում սպիտակ փրփուրներից հյուսած մահճակալի վերա։

Առավոտյան, երբ զարթնում է արեգակը, լվացվում է նույն ծովակի ալիքների մեջ, և յուր գեղեցիկ դեմքի թացությունից, որպես մարգարիտներ ցողում է վաղորդյան շաղը ծաղիկների, խոտերի և դաշտերի վերա։ Ահա, որպես բանաստեղծորեն է մտածում հայը յուր հին, բայց մինչև այսօր իրանց պաշտոնը ճշտությամբ կատարող, աստվածների մասին…[1]

**
*

Պատմությունից հայտնի է, որ Տարոնը Հայաստանի այն նահանգներից մինն է, ուր ավելի ծաղկյալ դրության մեջ էր գտնվում կռապաշտությունը։ Այստեղ էր Վահագնի մեհյանը, այստեղ Վահունիք կատարում էին նրա հանդիսավոր տոնախմբությունը։ Այստեղ Լուսավորիչն ունեցավ այն սարսափելի պատերազմը քուրմերի հետ։

Այն ևս հայտնի է, որ Լուսավորիչ, քանդելով հին մեհյանները, նրանցից շատերը անմիջապես քրիստոնեական տաճարների վերափոխեց։ Շատ հավանական է, որ իբրև պատրաստի նյութեր, շինվածքի համար գործ դրվեցան նույնիսկ մեհյանների քարերը։ Այդ կարծիքին որպես ապացույց կարող է լինել այն, որ Վասպուրականի մեջ կան եկեղեցիներ և վանքեր, որոնց շինվածքի քարերից շատերը ամբողջապես պատած են բևեռագրերով։ Այդպես են Վան քաղաքի սուրբ Առաքելոց եկեղեցվո տաճարի ներքին պատի քարերը, Վարագա վանքի տաճարի շենքին մեջ գործածված քարերը, Կարմրավորաց վանքինը և այլն։ Երևում է, որ դրանք հին մեհյանների շինվածքի նյութեր են։

  1. Մինչև այսօր հայերը երդվում են արևով.«իմ արևը»— «քո արևը»,— այդ երդումներն այնքան հին են, որքան հին էր արևի պաշտամունքը Հայաստանում։ Սույն իսկ երդումը գործ էր ածվում և հայոց հեթանոսական դարերում։ Խորենացու մեջ կարդում ենք՝ «Երդնոյր Վարդան յարևն արքայի...» Երդումը արևով մինչև այսօր գործ են ածում վրացիք։ Երեսը դարձնել դեպի արևելք աղոթելու ժամանակ, այդ հեթանոսական սովորությունը մուտք գործեց և քրիստոնեական տաճարներում։ Հայը միշտ առանձին ջերմեռանդությամբ է նայում դեպի արևելք. նրա երեսը մինչև անգամ գերեզմանի մեջ դարձած է լինում դեպի այն կողմը, որտեղից ծագում է արևը... Արևապաշտները, որ կոչվում էին արևորդիք, Հայաստանում երկար ժամանակ մնացին և քրիստոնեական դարերում։