Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ մի մեհյան, քրիստոնեական տաճարի վերափոխվելով, շուտով չէր կարող կորցնել յուր դարերով ժողովրդի սնահավատության հետ կապված ծեսերը և ավանդությունները։ Այդ է պատճառը, որ Հայաստանի վանքերի տոնախմբությունների մեջ և մինչև այսօր տեսնվում են ճիշտ հեթանոսական արարողությունների շատ նշաններ, օրինակ, կախարդություններ, գուշակող աղջիկների մարգարեություններ, պարերգություններ, աշուղների, վիպասանների հանդեսներ և այլն։

Մշո դաշտի Կլակա կամ սուրբ Կարապետա հռչակավոր վանքը մինչև այսօր պահում է յուր հին, քրիստոնեական ժամանակներից մնացած, ոգիներից մինը։ — Դա մի դևիկ է, որ իբր թե աներևութապես վանքի սպասավորությունն է անում։ — Սուրբ Կարապետա «կաղ դևի» պատմությունն ամեն մշեցի գիտե։ Երբ Լուսավորիչը բանտարկեց կռապաշտական մեհյանի բոլոր ոգիները, այն մինին խնայեց, որովհետև նա խոստացավ միշտ հավատարիմ մնալ վերանորոգված տաճարին, թեև նա այժմ իր նոր աստծուն էր պատկանում։

«Կաղ դևը» մինչև այսօր վանքի վառարանների մոխիրը շայակած, գետնի տակով տանում է դեպի Տիգրանակերտ և թափում է Փրեբաթման գյուղի մոտ, որից ահագին բլուր է ձևացել։

Ահա որպես է բացատրում այդ առասպելը ժողովրդական երգը.

Լուսավորիչը ժողվեց դիվան,
Լըցեց զընդան.
Կաղ դևն եկավ ասաց` յաման,
Զիս մի դըներ զընդան.
Ես կեղնեմ սուրբ Կարապետու փոշեհան.
Տանեմ, թափեմ Փրեբաթման.
Մինչ օր Քրիստոս գա դատաստան։

Դևերի մի ահագին խումբ ևս սուրբ Կոնոնոսի վանքումը կա, կարասներու մեջ լցրած, բերանները կնքած և գետնի տակը թաղած, ուր պետք է մնան մինչև վերջին դատաստանի օրը։ Հոգվոց վանքը, որը Վասպուրականի մեջն է, նույնպես ունի Ղուդրաթ խաթուն[1]անունով մի աղջիկ դև, որ նույնպես թոնիրների մոխիրները դուրս է ածում և շատ անգամ երևում է միաբաններին…

  1. «Ղուդրաթ խաթուն» նշանակում է բնութան տիրուհի։