Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղում, պալատ է շինում և բնակեցնում է նրա մեջ։ Նրա անունը լինում է Շիրին։ Բայց որքան աշխատում է նա, չէ կարողանում գրավել աղջկա սերը, Շիրինը միշտ անհնարին պայմաններ է առաջարկում «ազնավորին»։ Օրինակ, որ նա այնտեղի քարադաշտը վարե, բոստան ցանե, վարունգ բուսեցնե. Շիրինը ուտելուց հետո, կսիրե նրան։ Հսկա «ազնավորը» քսան լիդրանոց քարը ձեռին, երկար տանջվում է, մինչև քարերը փշրելով, պարտեզ է շինում և կատարում է Շիրինի բաղձանքը։

Խորամանկ աղջիկը մի նոր և ավելի դժվարին առաջարկություն է անում, թե նա ուզում է վարունգը հարիսայի հետ միասին ուտել. և խնդրում է «ազնավորից» գնալ Սիփան սարի դևերից մի աման հարիսա բերել։

Մինչև «ազնավորի» այնտեղ գնալը և մինչև հարիսան բերելը, Շիրինի բուն սիրականը` Ղովտ վրա է հասնում, աղջիկը նրա հետ միասին փախչում են պալատից։

«Ազնավորը» հուսահատվելով յուր սիրուհու նենգության վերա, թե որպես նա խաբեց աշխարհի ամենահզոր հսկային, յուր բահով ինքն իրան սպանում է. երիտասարդները նրան թաղում են և գյուղի կնանիքը նրա մասին երգ են հորինում։

Հայաստանում, ուրիշ տեղեր գտնված, ազնավորների գերեզմանները` հսկաների, կամ «օղուզների» գերեզմաններ են կոչվում։ Նրանց շատերն իրանց հնությամբ հասնում են կռապաշտական ժամանակներին։

* *
*

Նա խոսում է և «ցասման խաչերի» մասին, որոնք զանազան տեղերում, ըստ մեծի մասին բլուրների վերա տնկած, խաչաձև արձաններ են։ Որպես կռապաշտության ժամանակ ժողովուրդը ամեն մի անբախտություն վերաբերում էր աստվածների բարկությանը և զոհերով աշխատում էր հաշտվել նրանց հետ, այնպես և քրիստոնեության ժամանակ հեռու չմնաց ժողովուրդը նույն նախապաշարմունքներից։ Ամեն մի անբախտության վերա, օրինակ, սով, ժանտախտ, խոլերա, ցանքերի երաշտություն և այլն, — նայում է նա որպես աստուծո կամ նրա սրբերի պատուհասի վերա։ Եվ այդպիսի դեպքերում նա զոհեր է մատուցանում, թափոր անում և «ցասման խաչեր» է կանգնում[1]

  1. Եվ ինքս ներկա էի, որ Պարսկաստանի 1865-ի խոլերայի ժամանակ, մեր գյուղում, Շահմուրատ անուն մի ծերունու երազի մեջ նույն գյուղի սուրր Գևորգը հայտնել էր, թե խոլերան յուր բարկությունիցն է, և պահանջել էր, որ մատաղներ կտրեն և «ցասման խաշ» կանգնեն։ Գյուղացիքը անմիջապես կատարեցին այդ հրամանը...