Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմությունն ասում է` «Սեմի որդին Տարբան յուր տոհմակներով բնակվեցավ այնտեղ և այնտեղից ցրվեցան, որո համար և տեղի անունը մնաց Ցրոնք»:

Տեսնվում են և այլ բազմաթիվ պատմական անուններ, որոնք ավելորդ ենք համարում մի առ մի հիշել:

* *
*

Այնուհետև հեղինակը նկարագրում է տեղային հարսանիքի ծեսերը, որ շատ նման է Հայաստանի մյուս կողմերում կատարվող հարսանիքների արարողությանը: Նկարագրում է Համբարձման տոնի օրիորդաց վիճակախաղը, որ նույնպես շատ չէ զանազանվում Արարատա կողմերի խաղերից: Հետո խոսում է Վարդավառի տոնախմբության մասին, թե որպես մարդիք ջուր են թափում միմյանց վերա, որպես աղավնի են թռցնում, և թե այդ բոլորն հիշատակ է ջրհեղեղին, Նոյի աղավնի թռցնելուն և այլն: Այդ սովորություններն ոչ միայն Հայաստանում, այլ ամեն տեղ կարելի է տեսնել, ուր հայերը գաղթած են: Առհասարակ հին ավանդությունները ընդհանրանում են մի ազգի մեջ և անցնում են մինչև անգամ նույն ազգին ցեղակցություն ունեցող օտար ազգերի մեջ: Որպես պարսիկների մեջ ևս տեսնում ենք միմյանց վերա ջուր թափելու և աղավնի թռցնելու սովորությունը, որովհետև մենք և պարսիկները միևնույն ցեղին ենք պատկանում:

Այդպես են և հեղինակի հիշած նվիրական ծառերը, որոնց ճյուղերի վերա ժողովուրդը իրանց հագուստի կտորներից կամ թելերից փաթաթում են, որ իրանց հիվանդությունը անցնի, կամ փոխադրեն ծառի վերա: Այդպիսի ծառերին Պարսկաստանում շատ տեղ կարելի է հանդիպել, որոնց միևնույն հուսով դիմում է ժողովուրդը: Սրբազան ծառեր ունեին հռովմայեցիք և գալլիական ցեղերը:

Հայոց «թուխ-մանուկները»[1] նույնպես կան զանազան արևելյան ազգերի մեջ: Շատ հավանական է, որ Գ. վ. Սրվանձտյանցի կարծիքը ճիշտ լինի, թե նրանք զանազան ժամանակներում նահատակված,

  1. «Թուխ-մանուկ» կոչվում են Վասպուրականի կողմերում զանազան նվիրական տեղերը, ուր նշանակյալ օրերում (ըստ մեծի մասին կիրակմուտ գիշերներում) ժողովուրդը ճրագներ է վառում, խոունկ է ծխում, զանազան խնդրվածքներ անելով։ «Թուխ-մանուկների» վերա շատ տեղ շինված են փոքրիկ մատուռներ և կոչվում են «օջախ»։