Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քննենք յուրաքանչյուր տիպերն առանձին:

Միքայելը Սարգսի որդին է, մի ուսումնական երիտասարդ, որ սիրահարված է Սուրաթովի աղջկա` Անանու վերա. վերջինը նույնպես ուսում ստացած օրիորդ է և երկուսն ուխտել են միմ-յանց սեր, որ պետք է պսակվեր ամուսնական կապով: Անանին և Միքայելը սիրում են միմյանց ջերմ և անկեղծ սրտով, սիրում են, որպես կսիրե կրթված և զարգացած մարդը, որ հասկանում է նրա բարձր և վսեմ նշանակությունը:

Բայց Անանին չքավոր ծնողաց դուստր է. նրա հայրը` Յագոր Սիմոնիչը, մի հին աստիճանավոր, պահում է ընտանիքը մասնավոր ռոճիկով, որ կախված է յուր մեծավորի կամայականությունից. մի անզգուշություն, մի անհաճո վարմունք մեծավորի դեմ, բավական էր զրկել Յագոր Սիմոնիչի ընտանիքը օրական հացից: Ուրեմն, Անանին փող, բաժինք, օժիտ, ոչինչ չունի, միակ կապիտալը, որ նա նվիրելու է փեսային, է նրա սերը և յուր մաքուր սիրտը: Իսկ Միքայելը գոհ է միայն դրանով: Նա չէ ցանկանում պսակվել փողի վերա. նա որոնում է կյանքի ընկեր, հավատարիմ ամուսին, և նրա գտածը — Անանին է:

Սովրած լինելով ազնիվ և տոկուն աշխատության, Միքայելը և Անանին չեն համարում փողը որպես կենդանի կապիտալ, որպես միակ միջոցը մարդկային ապրուստի: Նրանք նայում են փողի վերա, որպես մի անտևողական առարկայի վերա, որ այսօր կա, իսկ էգուց կարող էր անհետանալ: Փողը Միքայելի և Անանու համար հարստություն չէ: Հարստություն համարում են նրանք իրանց ձեռքի վաստակը, որ արդյունաբերվում էր եռանդոտ ջանքերով և սեփական քրտինքով: Աշխատությունը համարում են նրանք ապրուստի հաստատուն աղբյուր, որ նույնքան տևողական է ու բեղմնավոր, որքան մարդը սովոր և ընդունակ է գործելու: Ամուսնական կապը, դարբնած ոսկու շղթաներով, համարում են նրանք խիստ թույլ և դյուրին կերպով խորտակելի:

Այսպես չեն մտածում հին սերունդի հերոսները` Սարգիսը — Միքայելի հայրը և Սալոմեն — Անանու մայրը:

Սարգիսը և Սալոմեն, համարում են փողը ոչ միայն իբրև միջոց մարդկային ապրուստի, այլ իբրև միակ նպատակ կյանքի: Փողը Սարգսի և Սալոմեի համար մի աստվածություն է, որ բովանդակում է յուր մեջ բոլոր հրաշալի զորությունները և միակ գործիչ ուժը մարդկային կենցաղավարության մեջ: