Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն գործողություն, որքան բարբարոսական լիներ նա, ամեն գործողություն, որքան թաթախված լիներ անբարոյականության կեղտերի մեջ, որքան ներկված լիներ նա արյունով և արտասուքով, — սուրբ է Սարգսի և Սալոմեի համար, երբ նա ուներ շահասիրական նպատակներ։ Փողի սնդուկը մաքրության ավազան է Սարգսի և Սալոմեի համար, ուր սրբագործվում է մարդը յուր բոլոր կեղտոտություններից։ Փողն այն կախարդական զգեստն է, որ ծածկում է պատվի քողով մարդու անազնվությունը, նրա անբարոյականությունը, նրա հիմարությունները, մի խոսքով ամեն ինչ, որ կարող էր բիծ դնել օրինավոր մարդու վերա։

Փողը բովանդակում է յուր մեջ ամեն ինչ։ Ով որ փող ունե, ամեն ինչ ունե. — ահա Սարգսի և Սալոմեի վարդապետությունը։

Սարգիսը և Սալոմեն հայերի մեջ ճիշտ կատարելատիպ են։ Մեկը, որպես գերդաստանի հայր, մյուսը որպես գերդաստանի մայր, նրանք պարունակում են իրանց անձնավորության մեջ մարմնացած հարստահարությունը յուր բոլոր սարսափելի կերպարանքներով։

Սարգիսը և Սալոմեն փչացած հասարակության հարազատ զավակներն են։

Ինչպե՞ս է ծնում հասարակությունը այդպիսի հրեշավոր որդիք։

Սարգիսը վաճառական է։ Նրա արհեստի բնավորությունն ունի այն հատկությունները, ինչ որ ուներ մի ժամանակ վաճառականության աստվածը — Հերմեսը, որ պաշտվում էր Հունաստանի տաճարներում։ Հերմեսը միևնույն ժամանակ և վաճառականության, և ավազակության, և խաբեբայության աստվածն էր։ Վաճառականը քաղաքավարի ավազակ է, իսկ նրա զենքը — հարստահարությունը և խաբեությունը։

Որքան հասարակությունը զարգացման ստոր աստիճանի վերա է կանգնած, որքան նրա մեջ տարածված չէ կրթությունը, այնքան հաճախ վաճառականությունը միանում է խաբեության և ավազակության հետ, այնքան ավելի զորություն է ստանում հարստահարությունը։

Սարգիսը վաճառական է։

Ամեն առարկայի վերա նայում է նա, որպես առևտրական մթերքի վերա։ Նրա ընտանիքը յուր համար նույնպես մթերք է, որպես յուր խանութում դարսած ապրանքները։ Երկուսի հետ ևս վարվում է նա միօրինակ կերպով։ Յուր ապրանքների ծախելում