Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերանից թափվում են ամբողջ հեղեղներ ազդու և ներգործող մոնոլոգների, որոնք բխում են սրտի խորքից։ Իսկ Միքայելը և Անանին, կարծես, վախում են իրանց խոսքերից, կարծես, իրանք էլ երկբայության մեջ են նրա մասին, որ խոսում են, նրա մասին, որ գործում են։

Սարգիսը և Սալոմեն հանդիսանում են որպես հաղթողներ։ Թե՛ Սարգիսը և թե՛ Սալոմեն իրանց նպատակների իրագործումը գտնում են մեկ տան մեջ, — դա է Ստեփան Դանիելիչ Բրիլիանտովի, ամենահարուստ, միլիոնատեր վաճառականի ընտանիքը։ Այնտեղ կան մի օրիորդ և մի պատանի — Նատոն և Վանոն, մեկը Բրիլիանտովի աղջիկն է, մյուսը` տղան, մեկին ուզում են Միքայելի համար կին բերել, մյուսին Անանու համար ամուսին առնել։

Բրիլիանտովը նույնպես վաճառական է, և որպես հայ վաճառական, ամենակեղտոտ ճանապարհներով բարձրացած յուր ոսկու ամբարդակի վերա։ Նա զանազանվում է Սարգիսից նորանով, որ հազարավոր խեղճերի արյունով և արտասուքով դիզած յուր հարստությունը ներկել է ազնվության ներկով, և բարձր կանգնած է յուր փառքի զենիթի վերա։

Թե ի՞նչ միջոցներով էր հարստացել Բրիլիանտովը, դա երրորդական բան էր Սարգսի և Սալոմեի համար. միայն նրանք գոհ էին նրանով, որ իրանց որդիքը — Միքայելը և Անանին — կարող են բախտավորություն գտնել Բրիլիանտովի ոսկիների մեջ, մեկը` նրա փեսա դառնալով, մյուսը` նրա հարսը լինելով։

Նատոն և Վանոն — Միքայելի և Անանու նշանակված ամուսնացուքը — նույնպես պատկանում են նոր սերնդին, այսպիսի տիպերն երիտասարդության մեջ բազմություն են կազմում։ Նրանք թեթևամիտ և փչացած արարածներ են։ Նատոն և Վանոն ստացել են վայրիվերո կրթություն, կուրորեն հետևում են նոր ձևերին և սովորություններին, կոտրատում են հայերենի հետ խառն հատուկոտոր ռուսերեն և ֆրանսերեն բառեր։ Նրանց խոսակցության առարկան է` մոդան, զանազան զվարճության տեղերը, պարահանդեսները և այն անկյունիկները, որոնք թափ են տալիս մարդու քսակից առատ արծաթ, բավականություն տալով նրա անբարոյական հաճույքներին... Վանոյի մտերիմ բարեկամը և խորհրդակիցն է Օսեփը` յուր խորամանկ սպասավորը, որ ծածուկ Վանոյի սիրուհի Կարոլինին նամակներ է տանում ու բերում։ Իսկ Նատոյի մտերիմը, սատանան գիտե թե ո՞վ...

Այսպիսի որդիքը, ինչպես Վանոն և Նատոն, Բրիլիանտովի