Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նման հարուստների տան ցեցն են, աստուծո պատիժն են, Բրիլիանտովները, որոնք չեն մտածում որդիների օրինավոր կրթության մասին, որոնք իրանց խելքը և միտքը տված են միայն փող դիզելու, նույն փողը բաց է անում որդիների դեմ շռայլության և անբարոյականության լայն ուղին: Ահա գլխավոր պատճառը, որ հայ մեծատունների մեջ հարստությունը չէ անցնում մինչև մի քանի սերունդներ: Ինչ որ յուր անազնվությամբ դիզել էր ժլատ հայրը, յուր շռայլությամբ ոչնչացնում է անբարոյական որդին:

Վանոն և Նատոն այս տեսակ որդիներից էին և խիստ հավատարիմ իրանց կոչմանը, և դրանց հետ պետք է կապվեր Անանու և Միքայելի կյանքը...

Անանին ստիպված է լինում թողնել Միքայելին և ընդունել յուր մոր Սալոմեի առաջարկությունը, թեթևամիտ Վանոյի կին դառնալով: Միքայելը այնքան ընդունակություն չէ ունենում ազատելու թշվառ զոհը...

Դրանով վերջանում է նրանց պատերազմը ծնողքների դեմ, դրանով է քանդվում կապը, որ պետք է զուգեր երկու սիրողներին — Անանուն և Միքայելին:

Պիեսայի մեջ մնացյալ տիպերն աննշան են: Բարբարեն` Սարգսի ամուսինը, մի բարեսիրտ կին է. նա սիրում է յուր որդուն` Միքայելին, պաշտպանում է նրան, համակրում է նրա ցանկությունները, բայց շարժված ավելի մայրական գութից, քան գիտակցական համոզմունքից: Բարբարեն ստրկացած հայ կնոջ տիպն է, որ յուր բողոքը ամուսնի բռնակալության դեմ կարող է հայտնել միայն լուռ արտասուքներով:

Յագոր Սիմոնիչ Սուրաթովը — Սալոմեի այրը` Անանու հայրը, հին աստիճանավոր է, որ որպես ծառայող, նա սովորել է դրսում կույր հնազանդությամբ թեքվել յուր մեծավորի առջև, իսկ տանը կնոջ «կոշիկների տակ»: Յագոր Սիմոնիչը նույնպես բարի մարդ է, բայց որպես ծառայող նա խոնարհվում է այնտեղ, որտեղ ուժ է տեսնում: Ահա պատճառը, որ Սալոմեն տիրում է նրա վերա: Նա իբրև հայր լավ սիրտ ունի, հասկանում է յուր դստեր` Անանու, անբախտությունը, Վանոյի կին դառնալով, ճանաչում է Միքայելի արժանավորությունները, գիտե, որ յուր աղջիկը Միքայելի ամուսինը դառնալով, կարող էր ավելի երջանիկ լինել, քան Բրիլիանտովի ոսկիների մեջ. բայց այնքան քաջություն չունի ընդդիմանալ յուր կնոջ կամքին, մանավանդ հակառակ կողմում ուժ է տեսն117ում — հարստություն — նրա առջև ևս պետք է թեքվի հին ծառայողը...