Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք քննեցինք պ. Սունդուկյանցի կոմեդիայի միայն տիպերը, իսկ նրա բովանդակությանը մանրամասնաբար չդիպանք։

Իսկ ինչ վերաբերում է պիեսայի արհեստական նշանակությանը, մենք այսքան կասենք` «Էլի մեկ զոհը» թեև լրացրած գործ չէ, թեև նա չէ հասցնում գործողությունները իրանց վերջնական կետին, այսուամենայնիվ, հեղինակը ցույց է տվել յուր տաղանդը, որ իրան հանդիսականին մտածել է տալիս կոմեդիայի վախճանը, երևակայել այն, ինչ որ նա պետք է տեսներ բեմի վրա։

Որպես պ. Սունդուկյանցի մյուս պիեսներում և «Էլի մեկ զոհի» մեջ ավելի ճիշտ և գեղագրական կերպով նկարված է հին սերունդը, մանավանդ վաճառական դասը։ Նոր սերունդի մեջ Վանոն և Նատոն երևում են իրանց իսկական պատկերներով, նրանք կատարելատիպ են թեթևամիտ երիտասարդության։

Բայց Միքայելը և Անանին նոր պատերազմողներ են, նրանք պետք է ընկնեին, որովհետև կանգնած էին կռվողների առաջին շարքում։ Իսկ նրանց դիակների վերայից կանցնեն նոր հերոսներ, որոնք առաջ կտանեն հաղթության դրոշակը...

ՆԱՄԱԿ ԴԱՎՐԵԺԻՑ
Հուլիսի 5-ին

Շատ տարիներ չեն անցել, որ Դավրեժի հայերը մի քանի անգամ ենթարկված են եղել սարսափելի հալածանքների. մահմեդականներն ընդհանուր ապստամբությամբ հարձակվել են հայոց թաղերի վերա, քանդել են տներ, կողոպտել, թալանել են նրանց կայքը, բարբարոսությունը հասել է մինչև արյունահեղության և վերջացել սպանություններով։ Այսպիսի չարագործությանց շարժառիթն եղել է միշտ մի հնարավոր ամբաստանություն հայերի վերա, որ դիպչում էր մահմեդականների կրոնական կամ ազգային առանձնահատկություններին, և գրգռելով մոլեռանդ ամբոխի կատաղությունը, առիթ է տվել նրանց վրեժխնդրությանը։

Այս օրերում Դավրեժի հայերին սպառնում է մի այնպիսի վտանգ, այս օրերում, երբ ամեն կողմից լսելի է լինում թանզիմաթի (օրենսդրության) ձայնը, նրա ներմուծանելը Պարսկաստանի մեջ։ Այս օրերում, երբ Բարձր. Կառավարությունը աշխատում է