Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց դժբախտաբար այս հանգամանքին ավելի շատ նպաստում է մի դեպք` նույն միջոցում քանդվում է նորակառույց դպրոցի պարիսպներից մեկը, այս երևույթը բավական էր ժողովրդին մտածել տալ, թե ինքը աստված և նրա մարգարեն (Մուհամեդ) ընդդեմ են դպրոցի հիմնարկությանը, և հրաշքով ցույց տվին իրանց անհամաձայնությունը։ Եվ այսպես ֆրանգների ուսումնարանը յուր սկզբնավորության մեջ ոչնչացավ...

Նույն իսկ ժամանակներում Ատրպատականի վիճակավոր առաջնորդ Սահակ եպիս. Սաթունյանը Դավրեժում սկսել էր մի դպրոցի շինարարությունը հայերի համար։ Դա նույնպես պետք է պատերազմեր ժողովրդի մոլեռանդության հետ։ Որովհետև տեղի անձկության պատճառով առաջնորդը ստիպված էր դպրոցը հիմնել մի հին գերեզմանատան վերա, ժողովուրդը չէր ցանկանում, որ իրանց պապերի փոշիների վերա դրվի հիմքը այն շինվածքի, որի մեջ նրանց որդիքը պետք է ուսում և կրթություն ստանային։ Այսուամենայնիվ հայր Սաթունյանը հաղթելով բոլոր արգելքներին, հասավ յուր նպատակին, մի տարվա մեջ թե՛ դպրոցը և թե՛ նրան կից առաջնորդարանը` երկուսն էլ պատրաստ էին։ Այնուհետև հիմնադիրն մտածում էր նյութական կողմից մշտապես ապահովել դպրոցի գոյությունը, երբ մահը վերա հասավ, և նա յուր բոլոր բարի ցանկությունները յուր հետ գերեզման տարավ։ Բայց նա թողեց յուր վախճանից հետո մի գումար, որ նույն ուսումնարանի հիմնական դրամագլուխն դարձավ։

Սահակ եպիսկոպոսից հետո փոխվեցան մի քանի առաջնորդներ, բայց նրանցից և ոչ մեկը մտածեց աճեցնել դպրոցի նյութական միջոցները և ընդարձակել նրա նեղ ուսումնական պրոգրաման։ Գործը առաջ էր գնում խիստ թույլ կերպով, և դպրոցը օրըստօրե ընկնելու վերա էր, երբ Վեհապետյան Գևորգ եպիսկոպոսի առաջնորդության օրերում դպրոցը սկսեց վերածաղկիլ։ Ինքը Վեհապետյանը շահին ներկայանալով, և դպրոցի առաջադիմության արդյունքը Նորին Մեծությանը առաջարկելով, դարձրուց դպրոցի վերա շահի բարձրագույն ուշադրությունը, որով բարեհաճեց յուրաքանչյուր տարի մի նշանակյալ գումար արքունի գանձարանից օժանդակել դպրոցին։

Բայց դպրոցը տակավին յուր իսկական նշանակությանը հասած չէր և չէր կարող ևս հասնել, քանի նա գտնվում էր առաջնորդների միակ իրավասության ներքո, քանի ժողովուրդը յուր ներկայացուցիչները չուներ նրա կառավարության մեջ։ Այս իրողությունն