Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է անցնե, մինչև Թեհրան, Բուշեր և Հնդկաստանի զանազան քաղաքները հասնի, իսկ այնտեղ մնալու է նա երկու կամ երեք տարի: Ժամանակը լրանալեն հետո նրան կփոխանորդե մի երկրորդը: Իսկ այդ վիճակը ձրի չստացավ այն քահանան, նա յուր գալու ժամանակ բավականին գումար ծախսեց, մինչև ստացավ յուր տեղը: Նա ճանապարհին բավականին ծախս արավ մինչև հասավ յուր համար նշանակած քաղաքը: Ո՞րտեղից պետք է դուրս բերե այս բոլորը, որ ինքն ևս մի բան շահե, — ժողովրդի քսակից…: Այժմ երևակայեցեք, թե ի՞նչ բարոյական և հոգևոր ուղղություն կարող է տալ յուր ժողովրդին այդ տեսակ քահանա...

Այժմ, որպես հիշեցինք, Սպահանա հայոց առաջնորդը Գրիգորիս եպիսկոպոսն է. նա թողել է Պարսկաստանը և գնացել է Հնդկաստան:

Ինչ որ վերաբերում է Պարսկաստանի հայերի հասարակական կյանքին, նրանց կենցաղավարությունը ամեն տեղ այնքան միատեսակ է, որ կարելի է այդ ընդհանուր տեսությունը անել, քաղաքաբնակները պարապվում են մի քանի արհեստներով, որպես են` հյուսնություն, ոսկերչություն, ջուլհակություն և այլն, նրանց գլխավոր առևտուրը գինեվաճառությունն է, որ մահմեդականներին արգելված լինելով, մնացել է քրիստոնյաների սեփականություն: Եվ որովհետև կրոնքով արգելված մի ըմպելիքի գործածությունը լինում է մահմեդականներից առավել անբարոյական և սրիկա մասնի մեջ, այս պատճառավ հայը գինեվաճառության հետ ծախում է և յուր պատիվը, մանավանդ այդ առևտուրը գտնվում է կանանց ձեռքում... Կանոնավոր վաճառականությամբ պարապվում են քաղաքներում շատ քիչ մարդիք: Այնպես որ, ամեն տեղ տիրում է չքավորությունը: Սպահանա հայերը համարյա ապրում են իրանց հնդկաստանցի ազգայինների ողորմությամբ: Գյուղացիների վիճակը ավելի դժբախտ է. նրանք թեև առհասարակ պարապվում են երկրագործությամբ, բայց կալվածատիրոջ հարստահարությունը նրանց ձեռքում ավելի վաստակ չէ թողնում. և իրանց ապրուստը որոնում են օտար երկիրներում գաղթականության մեջ:

Գաղթականությունը տարածվում է ավելի դեպի Հնդկաստան, որ հայերի համար մի անդառնալի կորստյան անդունդ է...

Պարսկաստանի գյուղացիների գաղթականությանը նպաստում է տեղային կառավարության այն ապօրինությունը, որ յուրաքանչյուր գյուղի համար սահմանված տուրքը ստացվում է նրանից մինչև վերջին շունչի մնալն: Գյուղն այն ժամանակ միայն ազատվում