Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է տուրքից, երբ բոլորովին ամայի և դարտակ է մնում: Օրինակ, մի գյուղ մի ժամանակ ունեցել 200 տուն բնակիչներ և նոցա մարդահամարի համեմատ նշանակված է տուրքի մի որոշյալ գումար: Այժմ բնակիչներից 50 տուն գաղթեցին, տուրքի գումարից ոչինչ չէ պակասում. 50 տուն ևս գաղթեցին, դարձյալ նույն գումարը կստացվի, և այսպես բնակիչների թիվը օրըստօրե փոքրանում է, բայց տուրքը մնում է միևնույնը: Իսկ մնացած բնակիչները ստիպված են այնուհետև թողնել գյուղը, որովհետև այնքան ծանրություն տանել կարող չեն:

Ի նկատի ունելով այսպիսի հանգամանքները, մենք ստիպված ենք հայտնել մի քանի տխուր ճշմարտություններ, որ Պարսկաստանի հայոց ապագան չէ խոստանում որևիցե մխիթարական վախճան, քանի նորա գոյությունը ապահովող մի հաստատ գրություն չենք տեսնում: Թողյալ այդ, միշտ փոքրիկ մասնիկները անհետանում և կուչ են գնում նույն տարրի ընդհանրության մեջ: Այժմ երևակայեցեք Պարսկաստանի հայոց ցրվյալ կտոր-կտոր եղած մասնիկները զանազան պարսկական քաղաքներում և գյուղորայքում։ Բավական է միայն քարտայի վերա նայել և տեսնել, թե որքան հեռու են միմյանցից Թեհրանը, Համադանը, Սպահանը, Շիրազը, Բենտեր-Բուշերը և այլն։ Այնտեղ, ուր մենք 7-8 տուն հայ ենք տեսնում, գտնում ենք մի կամ ավելի եկեղեցիներ, ընդարձակ գերեզմանատուն, որոնք որպես անբարբառ վկայարանք ցուցանում են, թե հայ բնակիչների թիվը ավելի շատ է եղած առաջ. իսկ ո՞ւր են այժմ։ — Բոլորը անհետացան շրջապատող տարրի ընդհանրության մեջ հետևելով մարդկային կենցաղավարության կլանող օրենքներին...

Պարսկաստանի հայերի փրկությունը նրա մեջն է կայանում, որ նրանք ամփոփվեն մի տեղ, և մի այնպիսի տեղ, որ ավելի մոտ լինի Հայաստանին։ Այս ասելով, մեր նպատակն այն չէ` գաղթականություն քարոզել դեպի Պարսկաստանի սահմաններից դուրս, և հայերին օտար երկրներում բախտ որոնելու ճանապարհ ցույց տալ։ Այլ կամենում ենք ասել, փոխանակ Սպահանից և այլ քաղաքներից գաղթելով Հնդկաստան գնալ, ուր մեր ազգայինների կյանքը բոլորովին վտանգի մեջ է, — ավելի լավ և նպատակավոր կլիներ տեղափոխվել Ատրպատականի նահանգը, որը Հայաստանի նախկին գավառներից մեկն է և հայկական կենտրոնից շատ հեռու չէ։ Այստեղ դարձյալ հայերը պարսից կառավարության իշխանության ներքո կարող էին ամփոփ դիրք ընդունել, և բոլորը հավաքվելով