Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միասին ապահով կյանք վարել: Եվ որովհետև պարսկահպատակ հայերի մեծ մասը Ատրպատականի մեջ են զետեղված, նրանց գումարումը կկազմեր մի ամբողջություն, մի կենդանի ազգային մարմին։

Եթե ոչ, ամեն մի ազգային ամբողջություն, երբ որ կտրատվում է նա, յուր մեջ ո՛չ միայն ուժ չունի, այլ դադարում է և կյանք ունենալուց…

Մեր այս նամակով հաղորդած վիճակագրական տեղեկությունները վերաբերում են միայն Պարսից Արաղիստանի մասին, մնում է Ատրպատականի նահանգը, որի մասին կգրենք հետո։

Քաղաքաբնակ հայերը որոշվում են գյուղացիներից ո՛չ միայն իրենց պարապմունքով, այլ կենցաղավարության մյուս ձևերով։ Գյուղացիք առհասարակ երկրագործներ են, ժիր աշխատասեր բանվորներ են։ Երկրագործությունը հայերի մեջ այն աստիճան զարգացած է, որ Ֆաթհ-Ալի շահի առաջին վեզիրը` Հաջի Միրզա Աղասին, կամենալով Արաղարանի պարսիկներին երկրագործության օրինակելի ձևեր ցույց տալ, հրավիրեց խոյեցի հայ գյուղացիներ, այլև հայ դարբիններ և հյուսներ, գութան, արոր, խոփ և բահ շինելու համար։

Երկրագործության գլխավոր ճյուղը նվիրված է ցորյանի և բամբակի մշակության. կտավհատը մշակվում է միայն նրա յուղալի հատիկներից յուղ դուրս բերելու համար, իսկ ձողերի թելանյութը բոլորովին թողվում է անպետք. դրանից օգուտ քաղել դեռ չեն սովորած գյուղացիք։ Կտավհատի յուղը, որ տեղացիք կոչում են ձեթ, գործ է ածվում որպես վառելիք լուսավորության համար, և որպես ուտելիք պաս օրվա համար, այլև նորա յուղով տարին մի քանի անգամ օծում են գոմեշները, նրանց վերայի ուտող միջատները սպանելու և չորքոտանիների կաշին փափկացնելու համար։ Կանեփի հատիկները նույնպես գործ է դրվում յուղ դուրս բերելու համար, իսկ ձողերի թելանյութից դեռ չեն սովարած նուրբ գործվածքներ պատրաստել, շինում են միայն պարաններ և կոշտ գործվածքներ ջուալների (պարկերի) համար։ Յուղաբեր բերքերի կարգին պատկանում է և գերչակը, որի յուղը լուսավորության համար է գործ ածվում, և շատ խնայողական է յուր դանդաղ վառվելու համար։ Տաք տեղերում պարարտ հողերի մեջ ցանում են նաև կնջիթ, որի յուղը յուր ազնվությամբ պակաս չէ մնում ձիթապտղի յուղից։ Դա գործ է դրվում որպես կերակուր, նրան բանեցնում են նաև ներկարարները (ձիթհանք)։ Ջրավետ երկրներում շատ