Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարգացած է բրինձի մշակությունը: Այդ երկրների կարգին է Ուրմիո գավառը, որտեղից դուրս է գալիս ահագին քանակությամբ բրինձ:

Բամբակի մշակությունը, ի բաց առյալ սառուտ և սառն երկրներից, տափարակ դաշտերի վերա յուր ծաղկյալ դրությանն է հասել: Բամբակ ցանելու համար միայն հողը վարում են տղամարդիկ, իսկ մնացյալ բոլոր հոգատարությունն մնում է կանանց վերա. նրանք ցանում են, բուսնելուց հետո քաղհան են անում, հասնելուց հետո նրանք են հավաքում կոզակները: Հետո նրանք են մաքրում բամբակը հունդերից իրենց հնաձև չերչերներով: Թեև փորձում են նորաձև մեքենաներ բամբակը մաքրելու համար, բայց փորձը ցույց տվեց, թեև նոր մեքենաներով գործը արագ է գնում, բայց բամբակի նուրբ թելանյութը կտրատվելով կորցնում է յուր լավ հատկությունը: Բամբակի մեծ մասը վաճառահանվում է, իսկ մի մասից տեղացիք հագուստ են պատրաստում: Կանայք մանում են թելի իրանց ճահրեներով, իսկ երբ ձմեռը գալիս է և տղամարդը ազատ է յուր դաշտային պարապմունքներից, այն ժամանակ սարքում է յուր ջուլհակի պարզ գործարանը և բամբակից կտավներ է գործում: Այս արհեստը գիտե ամեն մի գյուղացի: Գյուղացու հագուստը ոտքից մինչև գլուխ իր պատրաստած կտավներիցն է: Նա փոխում է նրանց գույնը կարմիր և կապույտ ներկերով. և դորա համար կան գյուղերում լեղակի ներկարարներ (բոյախանչի), նույնպես տորոնով կարմիր ներկողներ (շիլաչի): Պարսկաստանի կարմիր և կապույտ կտավները այնքան տոկուն գույն ունին, և այնքան լավ են պատրաստվում, որ մեծ քանակությամբ տարվում է Թիֆլիս, և այստեղից տարածվում է Կովկասի կիսավայրենի ցեղերի և գյուղացիների մեջ:

Հացաբույսերի տեսակներից ցանվում է նաև գարի և կորյակ, վերջինը ցանում են ավելի այն տարիներում, երբ մորեխից վտանգ է սպառնում, որովհետև մորեխը չի ուտում կորյակի բույսը:

Ագարակային բերքերից ավելի մեծ քանակությամբ մշակվում է սեխ, ձմերուկ և վարունգ, դոցա կարգումն է շաղգամը, կաղամբը, բողկը, ճակնդեղը, ստեպղին (գազար), որոնք գործ են դրվում որպես կերակուր, հում կամ եփած ձևով: Գետնախնձորի մշակությունը մի քանի տեղերում դեռ նոր է սկսվել:

Ագարակային ընդեղենների տեսակից մշակվում են լոբի, ոսպ, բակլա և սիսեռ: Սիսեռի բույսից ստացվում է մի տեսակ թթու հեղուկ, որ կոչվում է շաբնամ: Գյուղացիք կարծում են, թե դա մի տեսակ թթու ցող է, որ առավոտները նստում է սիսեռի