Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բույսերի վրա, և այս պատճառով ամեն օր վաղ առավոտյան սպիտակ մաքուր կտավներ են սփռում բույսերի վրա, կտավը ծծում է ցողը, հետո, քամելով թափվում է կտավից թթու հեղուկը։ Բայց իսկապես թթվությունը սիսեռի դեռ չհասած պատյանների մեջն է, և երբ ցողը իջնում է նրանց վրա` պատյաններից թթու համ է ստացվում, և այդ լինում է առավելապես այն երկրներում, ուր առավոտյան ցողը առատ է, որպես են — Ուրմիո լճակի շրջակա գավառները։ Սիսեռը բույսերից առնելով թթվությունը վնասում է հատիկներին, որոնք ավելի չեն լցնում այլ, մնում են նիհար և փոքրիկ։ Սիսեռի թթուն գործ է դրվում ըմպելիքների համար, երբեմն խառնում են թեյի մեջ — լիմոնի տեղ։

Այգեգործությունը նույնպես յուր պատվավոր տեղն է բռնում պարսկահայ մշակության մեջ։ Այս ճյուղի մեջ ավելի զարգացած է խաղողի մշակությունը, մանավանդ այն մասերում, որ բարեխառն կլիմա ունին։ Դոցա կարգումն է դարձյալ Ուրմիո լճի շրջակա գավառները, մանավանդ Ուրմիան և Մարաղան։ Խաղողից գյուղացիք պատրաստում են այնքան գինի, որքան իրենց պետք է, իսկ մեծ մասը չորացնում են և չամիչ կամ սովչա պատրաստում, ուրիշ երկիր վաճառահանելու համար։ Ատրպատականի քիշմիշը տարվում է մեծ մասամբ Ռուսաստան, Նիժնի վաճառատեղը և Երևան։ Թեև պարսիկները չեն գնում հայի պատրաստած քիշմիշը, բայց հայ վաճառականներին են ծախում։ Խաղողի քաղցուից պատրաստում են նաև դոշաբ կամ բաքմազ, որ մի քաղցր, հալած մեղրի նման հյութ է, գործ է ածվում որպես կերակուր։

Մեղվաբուծությունը զարգացած է այն գյուղացիների մեջ միայն, որոնց գյուղերն գտնվում են լեռների ստորոտին կամ լեռնային բարձրավանդակի վրա։

Որպես երկրագործ ժողովուրդ, հայ գյուղացիք անասնապահությամբ շատ են պարապում. պահում են այնքան կովեր և գոմեշներ, որքան բավական է իրանց տնտեսական գործածության համար — յուղ և մածուն ունենալու համար։ Ավելորդ անասուններ պահել չեն էլ կարող այն գյուղացիք, որոնք դաշտաբնակներ են, որովհետև անմշակ հողերը շատ փոքր են անասուններին արածելու համար։ Ոչխարներ չեն պահում, որովհետև խաշնարածության հետ կապակից է չվական կյանքը, այսինքն` տարվա տաք եղանակներին ոչխարներ սարը տանել և այնտեղ դարմանել մինչև ձմեռ. իսկ երկրագործ և միևնույն ժամանակ հաստատաբնակ հային դժվար է հեռանալ հողային պարապմունքից։ Այն հայ գյուղացիք,