Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք սարերի մոտ են, կամ լեռնային բարձրավանդակի վրա են բնակվում, պարապում են նաև խաշնարածությամբ, որովհետև նոցա շրջապատող բնությունը ընծայում է ճոխ արոտամարգեր ոչխարներ պահելու համար:

Խաշնարածների մեջ զարգացած է նաև բուրդից գործվածներ պատրաստելու արհեստը, որ ըստ մեծի մասին կատարվում է կանանց ձեռքով: Այս գործվածները թեև այնքան նուրբ և գեղեցիկ չեն, որպես պարսիկներինը, բայց հայտնի են իրենց ամրությամբ և գույների տոկունությամբ, որպիսին են զանազան տեսակի կարպետներ, թաղիքներ և ավելի բարակ գործվածներ, որոնցից գյուղացիք պատրաստում են վերարկուներ (աբա) և վարտիքներ (շալվար): Գորգեր շինել չեն կարողանում: Շալեղեն գործվածների հտամնացության գլխավոր պատճառը այն է, որ հայոց ոչխարների բուրդը և մազը նույն լավ հատկությունը չունեն, որպես պարսիկներինը, — կլիմայական աննպաստ պայմանների պատճառով:

Ամեն գյուղերում գտնվում են այնպիսի արհեստավորներ, որ այն գյուղին են պետք. գյուղացիք ունեն հյուսներ, որոնք շինում են երկրագործական գործիքներ` գութան, արոր, որպես և դռներ, լուսամուտներ և այլն: Գյուղերում կան որմնադիրներ, որոնք գլխավորապես շինում են նույնպես երկրագործական անոթներ, որպիսին են` խոփ, բահ, շղթա, բրիչ և այլն: Գյուղերում կան ջաղացպաններ, որ սրում են բթացած աղորիքը: Գյուղերում կա սափրիչ, որ միևնույն ժամանակ շատ անգամ բժշկի պաշտոն է կատարում: Ոսկերիչները, որ ավելի կանանց են ծառայում, գալիս են քաղաքներից և ժամանակավորապես մնում են, դրանց կարգումն են և կլեյկագործները:

* *
*

Քաղաքներում հայերը համեմատաբար փոքր թվով են բնակվում, և եթե գտնվում են քաղաքներում հայեր, նրանք կամ առանձին և մահմեդականների հետ խառն թաղեր են կազմում քաղաքի պարիսպների մեջ, կամ բնակվում են քաղաքից դուրս առանձին արվարձաններում: Այդ այն պատճառով է, որ նախ մահմեդականները թույլ չեն տա քրիստոնյա հային իրենց մեջ բնակվելու և իրանց դրացիությամբ նրանց պղծելու, եթե թույլ ևս տային, հայերին ձեռնտու չէ ցրվել մահմեդականների մեջ և նրանց թաղերում բնակություն հաստատել, ուր ամեն րոպե կարող էր նրանց վտանգ սպասել: Այս պատճառով սրանք աշխատել են միշտ ամփոփ