Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիրք բռնել և միմյանց հետ սեղմված ապրել։ Ամբողջ Պարսկաստանում Թեհրանում միայն հայերը ցրված են զանազան թաղերում և այդ այն պատճառով, որ Պարսկաստանի մայրաքաղաքը ավելի ներողամիտ է դեպի ոչ-մահմեդականները։ Այստեղ հայերն ազատ են այն հալածանքներից, որ պատահում է ուրիշ քաղաքներում։

Քաղաքներում հայերը ըստ մեծի մասին պարապում են զանազան արհեստներով. այս արհեստների մեջ առաջին տեղն է բռնում ոսկերչությունը։ Պարսից հարեմները և կանանց ճոխ զարդարանքը, ոսկու, արծաթի և թանկագին քարերի շռայլաբար գործածությունը միշտ առատ գործ են տալիս հայ ոսկերիչին։ Թեև հրեաները նույնպես պարապում են այս արհեստով, բայց այս ազգի բնական խարդախությունը թույլ չէ տալիս հայերի հետ մրցություն անել։ Հայերը գրաված լինելով պարսիկների երաշխավորությունը, ամենահին ժամանակներից շահի դռան զարգարբաշին (ոսկերչապետը) միշտ եղել է հայ, այժմ նույնպես հայ է։ Նորա համար պալատում առանձին գործարան կա, ուր նա աշխատում է միմիայն արքունիքի համար։ Այսպիսի արհեստավորները միշտ արժանացել են խանության աստիճանի և նոցա իրենց արհեստի արտոնությունը անցնում է որդուց-որդի։

Պարսից իշխանները շատերն ունեն տնային ոսկերիչ, որ ամբողջ տարի բանում են միմիայն այս և այն խանի կամ շահզադայի համար։ Պարսիկները առհասարակ սիրում են նայել փայլուն և խայտաճամուկ իրերի վրա։ Մտեք մի պարսիկ իշխանի կամ մինչև անգամ հասարակ հաջու հյուրանոցը, դուք կկարծեք թե դա հազվագյուտ իրեղենների մի խանութ է, ուր դասավորված են գույնզգույն չինական անոթների, հայելիների, արծաթե աշտանակների և ջահերի մի մեծ հավաքածու։ Այստեղ դուք կտեսնեք քսան-երեսուն հատ արծաթե ղեյլաններ, մի քանի հատ արծաթե սամովար, նույն մետաղից շինված ափսեներ, թեյամաններ և շաքարամաններ, ոսկուց շինված սուրճի փոքրիկ ֆինջաններ (բաժակներ), — մի խոսքով ամբողջ սենյակը վառվում է ճենապակու և թանկագին մետաղների կարասիքով, և այդ բոլորի մեջ փոքր գործ չէ գտնում յուր համար հայ ոսկերիչը։

Պարսիկը, երբ ձեռքում փող ունի, գնում է այսպիսի բաներ, նրա համար մեծ պարծանք է եթե ասեն` «տասն հատ արծաթե սամովար ունի». այս պատճառավ նա յուր հարստությունը ի ցույց է դուրս բերում։ Բայց երբ բախտը փոխվեցավ, նա սկսում է ծախել,