Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրավ դնել և սպառել… Բախտի հեղաշրջության հետ անդադար պարսկի տունը լցվում է և դատարկվում է. և ամեն պարագային օգուտ է քաղում հայ ոսկերիչը. նա գնում է եղածը չնչին գնով, կամ նորն է շինում։

Ոսկերչությունից հետո արհեստների մեջ երկրորդ տեղն է բռնում հյուսնությունը։ Ով որ փոքր ի շատե գաղափար ունի պարսիկների լուսամուտների մասին, կարող է հասկանալ, որ հյուսնությունը հայերի մեջ չափազանց զարգացած է, որ այնքան ճիշտ մաթեմատիկական համաչափությամբ դուրս են բերում իրանց ձեռագործը։ Պարսից ճաշակը այս արհեստի մեջ նույնպես պահպանել է յուր հատկանի առանձնությունը. նա չի սիրում, որ արեգակի ճառագայթները իրանց բնական գույներով ներս ցոլան յուր սենյակի մեջ, անպատճառ ցանկանում է նրանց գույն տալ, որպես նա ներկում է յուր մորուքը և մատները։ Պարսիկի այս պահանջը կատարում է հայ հյուսնը. նրա լուսամուտների փանջարաները կազմում է գույնզգույն ապակիների փոքրիկ բանվածներով, որոնք հորինում են զանազան նկարներ, և լույսը այս նկարների միջից անցնում է որպես գույնզգույն ծաղկի փունջերի միջից, և գեղեցիկ ֆանտաստիկական ճառագայթներ է արձակում սենյակի մեջ։

Հայ հյուսնը կամ ատաղձագործը պարապում է միայն նուրբ և բարակ գործվածքներով, իսկ փայտե կոշտ շինվածքները նա թողնում է մահմեդականներին։ Վերջին ժամանակները պարսիկների տներում մուտք գտան նաև եվրոպական կարասիք. այս նորաձևությունը հայերի համար մի նոր գործ բացավ։ Հայ արհեստավորը ավելի շուտ է սովորում այն, ինչ որ եվրոպական է. մինչդեռ պարսիկը չի ուզում փոխել ինչ որ սովորած է յուր պապերից. նույնը պատահեցավ և դերձակության մեջ։ Երբ պարսիկները (ծառայողները) սկսան նեղ պանտալոն հագնել և իրանց հագուստները նմանեցնել եվրոպացիներին, հայ դերձակները միայն կարողացան նրանց ճաշակին հարմարեցնել մի նորաձև կիսաեվրոպական և կիսապարսկական հագուստ։ Եվ այսօրվա օրս ամենալավ դերձակը, որ բանում է շահից սկսյալ մինչև ստոր աստիճանավորների համար` հայ է։ Ամեն քաղաքներում հայ դերձակների խանութները բազմանալու վրա են և ավելի արդյունավոր է լինում այդ արհեստը, քանի որ հագուստի նորաձևությունը տարածվում է։

Դարբնության մեջ քաղաքներում հայերը ձեռք են առել զինագործությունը։ Տերության զինվորական գործարանների (ջաբախանաների) հմուտ արհեստավորները հայեր են։ Հայ զինագործները