Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գինեգործությանը: Պարսիկներին որպես կրոնով արգելված է ոգելից ըմպելիքների գործածությունը, այնպես էլ արգելված է նոցա պատրաստելը։ Այս պատճառով այդ արհեստը մնացել է հայերի սեփականությունը։ Ամեն քաղաքներում հայ հասարակության ստոր մասը պարապում է գինեվաճառությամբ. թեև նրանց թույլ տված չէ ազատ և բացարձակ կերպով գինետներ բաց անել, բայց վաճառում են գաղտնի կերպով իրանց տներում։

Մինչև անգամ երկրի քրիստոնեաբնակ մասերում գինետները և գինեվաճառությունը կապված են զանազան անբարոյական գործողությունների հետ։ Պարսիկ խմողը խմում է հարբելու չափ և այնուհետև գազան է դառնում...։

Պարսկաստանում այս կերպով արգելված ըմպելիքի վերաբեմամբ զեղծումներ գործողները լինում են ըստ մեծի մասին ժողովրդի անբարոյական և սրիկա դասը,— ուրեմն հասկանալի է, թե ինչ տեսակ մարդիկ կլինեն հայ գինեվաճառի հաճախորդները։ Պարսկաստանում պատահած սպանությունների, գողությունների մեծ մասը սկիզբ են առնում գինետներից։ Ամենահանգիստ լոթին (սրիկան), որ գինետուն մտնելիս գառնուկի պես հեզ էր, դուրս է գալիս այնտեղից մերկացած դաշույնը ձեռին...։ Այս պատճառավ կառավարությունը շատ անգամ կամեցել է արգելել հայերի մի այսպիսի պարապմունքը, բայց հնար չի եղել, հայերը միշտ իրանց արածը արել են, միշտ պատճառ են գտել ասելու. «թույլ տվեք մեզ ունենալու մսավաճառի, մրգավաճառի, խոհարարի և հացթուխի խանութներ, այն ժամանակ մենք կթողնենք գինեվաճառությունը. մի բանով պետք է մեզ ապրել»։

Պետք է ասել, որ հայ ժողովրդի մնացյալ մասը ամենևին գոհ չէ գինեվաճառներից, որովհետև քիչ չէ պատահում, որ նրանց վնասը կրում են իրանք կամ մարդիկ են սպանվում, կամ գողություններ են լինում, այլ ժամանակ մի ամբողջ անմեղ հասարակություն պատասխանատու է լինում գործածած չարիքին։

Պարսկաստանում այժմ խմողների թիվը ավելի շատ է, քան թե քրիստոնյաների մեջ։ Արևելցիք սիրում են իրենց ուղեղը գրգռել ոգելից բաներով, այս պատճառավ հնարեցին ափիոն, բանգը և տեսակ-տեսակ մաղուներ. իսկ այդ բոլորի տեղը այժմ բռնում է արաղը (օղին)։ Պարսիկը սիրում է խմել թունդ ըմպելի, որ շուտ արբենա։ Խմիչքների գործածությունը մտել է մինչև անգամ և հարեմներում, պարսիկ կինը ավելի հրապուրիչ է դառնում, երբ նա արբած է...։ Հայ գինեվաճառները սովորել են պատրաստել նրանց