Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շահերին։ Թեև գյուղացիք իրանք են ընտրում տանուտեր, բայց վատ տանուտերին միշտ դժվարանում են փոխել, որովհետև նա վայելում է պաշտպանություն գյուղատիրոջ կողմից, որի շահերին միշտ կուրությամբ ծառայել է։ Տանուտերը իր պաշտոնից հանվելուց հետո — հասարակ գյուղացի է դառնում։

Գյուղերը դատարան չունեն, այսինքն` մի հատկացյալ տեղ, ուր հավաքվեին և խորհրդածեին։ Խորհրդածությունները կատարվում են շատ անգամ հրապարակի վրա կամ այս ու այն աղայի դռան առջև։ Շատ անգամ տանուտերը փողոցում ման գալու ժամանակ, կամ գինետան մեջ խմելու ժամանակ և կամ մի տան մեջ հյուր եղած ժամանակ վճիռներ է տալիս։

Քսան կամ երեսուն տարի առաջ դեռ կային մելիքներ, նրանք ժողովրդից չէին ընտրվում, այլ ժառանգական ազնվականներ էին, որոնց տոհմային հնությունը ուներ մի քանի հարյուր տարվա պատմություն։ Մելիքը իշխում էր մի կամ մի քանի գյուղերի վրա, շատ անգամ մի ամբողջ մասի ազգաբնակության վրա։ Նրա իշխանությունը ընդարձակ էր և միապետական։ Մելիքները ունեն ֆարմաներ, շնորհված պարսից շահերից և ռոճիկ էին ստանում կառավարությունից։ Ժողովուրդը հպատակվում էր մելիքին, որպես յուր նահապետին։ Նա ուներ յուր ձեռքի տակ զինված մարդիք, որոնցով կռիվներ էր հայտնում թշնամիներին, արշավանքներ էր գործում, գերիներ և թալաններ բերում։

Մելիքները այն ժամանակներում փայլում էին իրանց իշխանությամբ, երբ ավատական խանությունները Պարսկաստանում դեռ իրանց բռնակալ միապետությունն էին վայելում։ Իսկ Աղա-Մամուդ-խանից սկսյալ, այժմյան տիրող ղաջարյան ցեղի շահերի ժամանակ` ավատականությունը սկսեց փոքր առ փոքր թուլանալ, և վերջապես կորցնել յուր նշանակությունը, նրա հետ էլ մելիքները ընկան։

Մելիքների անկման մի երկրորդ պատճառն էլ Պարսկաստանի հայերի գաղթականությունն էր, երբ 1827 թվին քառասուն հազար հայեր անցան դեպի Նախիջևանի և Արարատի կողմերը։ Պարսկաստանում մնացող հայերը թվով քիչանալով — տկարացան և մելիքներն էլ զրկվեցան իրանց ուժերից։ Մինչև գաղթականությունը Խոյ քաղաքի զարաբխանան (դրամ կտրելու տունը) և Սալմաստ գավառի մաքսատները — հայերի ձեռքումն էին[1]։

  1. Պարսկաստանում մինչև այսօր շատ քաղաքներում դրամ կտրում են մասնավոր մարդիկ, որ կապայով վարձում են դրամ կտրելու իրավունքը,