Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մելիքների մեջ իրանց գերիշխանությամբ աոաջին տեղը բռնում էին Ղարաբաղի մելիքները, որոնք օգտվելով երկրի լեռնային և անտառապատ բնությունից, շատ անգամ անկախ դրություն են պահպանել:

Ղարադաղը (Հին Փայտակարանը) գտնվում է Ղարաբաղի հանդեպ, այս հայկական երկու գավառները բաժանվում են Երասխ գետով, և մինչև անգամ հայոց թագավորության օրով երբեմն անկախ իշխանություններ են կազմել:

Ղարադաղու մելիքները մեր դարու սկզբներում մտածում էին միանալ Ղարաբաղի մելիքների հետ և իրանցից թոթափել պարսկական լուծը, բայց հայոց անմիաբանությունը չթողեց գործը հաջողի:

Ղարադաղի մելիքները ընկան այն ժամանակ, երբ այդ երկիրը մտավ թաթարների մի բարբարոս ցեղ, որ կոչվում է շալաբյանցիք: Հայոց գյուղերը անցան նրանց խաների ձեռքը, և հայերը փոքր առ փոքր հպատակեցան նրանց։ Չալաբյանցոց հարստահարությունները վերջին ժամանակներում այն աստիճան անգթության հասան, որ Ղարադաղի բնակիչերից շատերը գաղթեցին դեպի Ղարաբաղ, իսկ շատերը բնակություն հաստատեցին Թավրեզ քաղաքում։

———————

1հավաքում են ուրիշ քաղաքներում կտրված դրամները և իրանք նորից կտրում։ Նրանք շահում են դրամների կշռի և ոսկու ու արծաթի հատկության մեջ. այսինքն` առաջվանից փոքր-ինչ թեթև են կտրում և ոսկու կամ արծաթի մեջ ուրիշ մետաղ են խառնում։ Այսպիսով դրամները հետզհետե կորցնում են իրանց արժեքը, թեև միևնույն անուններն են կրում։ Այդ անդադար փոփոխությունը, որ ծառայում է մասնավոր անձանց շահերին միայն, մեծ դժվարություններ է հարուցանում վաճառականության մեջ։ Վաճառականը շատ անգամ այսօր մեկին տված մաքուր արծաթ ունեցող ոդիբղռանի (այս բառը պարզ չի կարդացվում ձեռագրի մեջ։ Ծան. Աննա Րաֆֆու) տեղ, քանի օրից հետո ստիպված է ընդունել նույն փողը ավելի թեթև կշռով և ավելի անմաքուր արծաթով, մյուս կողմից, մի գավառում կտրված դրամը մյուս գավառում նույն արժեքը չունի, և կամ ամենևին չի ընդունվում։ Այս դժվարությունները բառնալու մտքով վաղուց է, որ Բարձր. դուռը Թեհրան հրավիրեց եվրոպական դրամահատներ, կամենալով այնտեղ հիմնել ամբողջ Պարսկաստանի համար մի կենտրոնական դրամատուն և դրամների մեջ միակերպություն պահպանել։

Տրդատի քաջ որդի Սանատրուկը Ղարադաղում (Փայտակարանում) կամեցավ առանձին իշխանություն կազմել, որ Խոսրով Բ-ի ժամանակ ջնջվեցավ. Փայտակարանը մինչև անգամ առանձին կաթողիկոսություն կազմեց դեռ Տրդատի կենդանության ժամանակ, Վրթանեսի օրերով, երբ Գրիգոր-աղա կոչեցյալ նոքա հայրապետ ձեռնադրվեցավ։