Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարադաղը հայտնի է յուր հանքերի հարստությամբ. այնտեղի պղնձի և երկաթի հանքերը, կարելի է ասել, իրանց նմանը շատ քիչ ունեն ամբողջ երկրագնդի վրա։ Մինչև այսօր Ղարադաղի հայերը բովագործում են երկաթի հանքերը. նրանց մեծ մասը դարբիններ են։ Շինում են պայտեր և տանելով զանազան քաղաքներ վաճառում են. դրանով են ապրում շատերը։

Ղարադաղի այն կողմերում, ուր իջնում է դեպի Երասխի ափերը, որ տեղացիք կոչում են իրանց բարբառով Արազքար, այսինքն` Արազի կամ Երասխի ափեր,- ավելի ցած դիրք ունենալով, պահպանում է տաք և խոնավ կլիմա։ Այս տեղերում հին ժամանակներից սկսած, պահպանվել է թթենու մշակությունը և շերամապահությունը, իսկ այժմ այդ արհեստը ավելի զարգացած է տեղացի հայերի մեջ։ Ղարադաղի մետաքսը յուր հատկությամբ միշտ բարձր տեղ է բռնում վաճառականության մեջ:

ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ

Նախ քան խոսելը Պարսկաստանի ներկա առևտրական գործունեության մասին, ավելորդ չեմ համարում մի համառոտակի հայացք ձգել նրա այն ժամանակվա դրության վրա, որ երեք քառորդ դարով միայն հեռու է մեզանից։ Այն ժամանակվա Պարսկաստանի ամեն մի փոքրիկ գավառը, ամեն մի նահանգը, ձևացնում էին միմյանցից անկախ առանձին ավատական իշխանություններ, որոնք պատկանում էին զանազան խաներին, բեգերին և այլ կալվածատեր իշխաններին։ Այդ փոքրիկ տերությունները միշտ թշնամական հարաբերությունների մեջ լինելով, կռիվը, արյունահեղությունը, կայքի հափշտակությունը — անդադար և սովորական պատահարներ էին։ Հայտնի բան է, մի այսպիսի ժամանակ, երբ բնակիչները թաքցնում էին իրանց կայքը, և մտածում էին միայն իրենց գլուխը պահպանելու մասին թշնամու սրից, անկարելի էր, և չէր կարող զարգանալ վաճառականությունը։

Երբ Աղա-Մամադ-խան ներքինին 1779 թվին տիրելով պարսիկ գահին, միևնույն ժամանակ նվաճեց ավատական իշխաններին իր միապետության զորության ներքո, նախնի սովորությունները փոքր-ինչ խաղաղվեցան, և նրա հաջորդների` Մամադ-շահի ու