Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆեթ-Ալի-շահի օրերով, ժողովուրդը կարողացավ անվախ ցուցաբերել յուր կայքը, և Շահ-Աբաս ի ժամանակ ծաղկած[1] և նրանից հետո թառամած վաճառականությունը մի փոքր շունչ առավ, կենդանացավ։

Բայց տակավին նա ուներ խիստ նեղ շրջան, որովհետև Պարսկաստանի վաճառականությունը - ներքին էր, արտասահմանի հետ ոչ մի հարաբերություն չուներ։ Դրա պատճառը պետք է որոնել գլխավորապես այն բանի մեջ, որ մահմեդական պարսկին մեղք էր համարվում ոտք դուրս դնել օտար հողի վրա, որտեղ նա ստիպված կլիներ պղծել գյավուրների հետ հարաբերություն ունենալով, և շարիաթով արգելված նոցա կերակուրները ուտելով։ Այդ համարձակ քայլը արեցին բնիկ հայերը։ Եվրոպական ապրանքը առաջին անգամ նոքա մտցրին Պարսկաստան և Պարսկաստանի մթերքը առաջին անգամ նոքա արտածեցին արտասահման։ Նոցա օրինակը հրապուրեց Եվրոպայի բախտախնդիրներին, երբ նոքա հասկացան, թե հայերը մի փոքրիկ գրչահատ դանակը մինչև քսան ռուբլի էին վաճառում միամիտ պարսիկներին և մի ձեռք անգլիական ֆենջաննայբաքիով և մի քանի արշին Լեյպցիկի մահուդով գրավում էին գեղասեր խանի գյուղերը։

Այժմյան պարսից արքայի Նասր-էդդին շահի թագավորության առաջին տարիներում հայտնվեցան Թավրիզ քաղաքում և մի քանի մեծ և հաստատ եվրոպական տներ։ Այս երևույթը ստիպեց հայերին տեղի տալ եվրոպացիներին առևտրական ասպարեզը, որովհետև

  1. 1 Շահ-Աբաս մեծը տիրելով Անդրկովկասին, տարավ իր հետ վրացիներ և հայեր մեծ թվով։ Հայերին նա բնակեցրեց Սպահան քաղաքի մոտ մի առանձին թաղում, որ կոչեց նոցա հայրենի բնակության տեղի անունով-Ջուլֆա, և շնորհեց նոցա շատ արտոնություններ և ազատություններ, և վաճառականական գործունեության մեջ ընդունակ հայերը, խիստ փոքր ժամանակում ծաղկեցրին տեղային առևտուրը խիստ զորեղ հարաբերություններ ունենալով Հնդկաստանի հետ։ Մի սարսափելի սովի պատճառով նոցա մեծ մասը գաղթեց դեպի Հնդկաստան, և մեծ մասամբ բնակություն հաստատեց Պոմբեյում, Կալկաթայում և Ջավա կղզում։ Այնտեղ ևս հայերը շուտով տիրեցին տեղային վաճառականության ասպարեզը, մինչև անգլիացոց հայտնվելը, որոնց բռնության հետ ազատ մրցություն չկարողացան անել. հայերը մի փոքր ընկան։ Իսկ Սպահանում և նրա շրջակայքում մնացորդ հայերը հետզհետե ենթարկվելով Շահ-Աբասի հաջորդների բռնակալությանցը` աղքատացան, միակ բանը, որ կարողացան պահպանել Իսլամի հալածանքներից - կրոնն էր, լեզուն, և ամուր եկեղեցական կապը Ս. Էջմիածնի հետ։ Բայց վրացիք փոխեցին իրանց կրոնքը և միացան պարսիկների հետ։ Նոցա լեզվի հազիվ նշմարվող հետքերը և մի քանի սովորությունները միայն հիշեցնում են նոցա ծագումը։