Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոքա մեծ կապիտալիստներ չլինելով, և ապրանքը երկրորդ և երրորդ ձեռքից առնելով, — չէին կարող ազատ մրցում անել Եվրոպայի վաճառականական տների հետ, որոնք կազմակերպված էին մեծ ընկերություններից, և ապրանքները հանում էին ուղղակի աղբյուրներից։ Այդ առևտրական տներից շատերը մինչև այսօր տևում են Թավրեզում։ Նշանավոր են հետևյալ ընկերությունները` Րալլի, Սուվաջ-օղլի, և Հանհարթու Ցիկլեր` զվիցերական տունը։

Թաբրեզը Պարսկաստանի գլխավոր վաճառականական կենտրոնն է, ուր մտնում են մասամբ արտասահմանից ներմուծած ապրանքները, և որտեղ հավաքվելով դուրս են գալիս դեպի արտասահման` Պարսկաստանի ապրանքների մեծ մասը։ Այստեղ պիտի խոսեմ գլխավորապես Թաբրիզ քաղաքի վաճառականության մասին։

Վաճառականների ապրանքը զետեղելու համար ծառայում են գլխավորապես քարվանսարաները, որոնց թիվը Թաբրիզում հասնում է մի քանի հարյուրի։ Երկաթուղիներ չկան Պարսկաստանում։ Ճանապարհների անկարգության պատճառով ուղևորվող ապրանքը բարձում են ձիերի, ջորիների, եզների, ավանակների և ուղտերի վրա։ Վերջինը բանում է տարվա տաք[1] և բարեխառն եղանակներում, իսկ առաջինները` միշտ։ Քարավանները կազմվում են միատեսակ անասուններից, որոնք պատկանում են կամ մի մարդու, և կամ մի ընկերության, որ ունի յուր ներկայացուցիչը թե՛ առաջին և թե՛ երկրորդ դեպքում։

Քարավան-բաշին, այսինքն քարավանի գլխավորը միշտ պատասխանատու է կորած կամ պակասած ապրանքին, բացի թալաններից և բնության վտանգներից։ Պետք է ասել, որ քարավանները վայելում են մեծ հավատք վաճառականների կողմից իրենց սովորական հավատարմությամբ, թեև նոքա ոչինչ երաշխավորություն չունեն այդ մասին։

Առևտուրը Թաբրիզում կատարվում է դալալների միջնորդությամբ, այդ պատճառով ամեն մի աչքի ընկնող առևտրական տուն ունի յուր սեփական դալալը, որ ստանում է մի հայտնի տոկոս։ Դալալի հաշվեգիրը առնողի և ծախողի մեջ համարվում է որպես անհերքելի մի ապացույց։

Դրամական շրջաբերությունները կատարվում են սարաֆների միջնորդությամբ։ Սարաֆները, որոնց կարելի է համարել փոքրիկ

  1. 1 Տեքստում «ցուրտ»։ Ծանոթ. կազմողների։