Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանկիրներ, հաճախ ընդունում են վաճառականներից գումարներ, և հարկավոր ժամանակ փոխ են տալիս հայտնի տոկոսներով։

Սարաֆությունը կառավարությունից արտոնություն ստացած մի առանձին հիմնարկություն չէ. ամեն մի մարդ կարող է լինել սարաֆ, երբ կամ փող ունի, կամ վարկ։ Այս պատճառով սարաֆը չունենալով բարձրագույն հրամանով հաստատված մի ծրագիր, կամ անակնկալ կերպով սնանկանում է և կամ, եթե վարում է յուր գործը նա անում է շատ կամայականություններ — մի օրվա մեջ քանիցս անգամ կուրսի բարձրանալը և կամ իջնելը կախված է սարաֆների շահասիրությունից։

Վաճառականների մեջ ծագած վեճերը վճռում են թաջիրբաշիների (վաճառականապետների) ձեռքով։ Ամեն մի տերության հպատակները կամ ամեն մի ազգին և կրոնքին պատկանող վաճառականները ունեն իրեց թաջիրբաշիները։ Իսկ եթե վեճը ծագում է զանազան տարբեր կողմերի մեջ, այն ժամանակ քննվում է քաղաքի Նաիբ-ուլ-Մաղարայի դատարանում, որտեղ մասնակցում են եվրոպական կոնսուլները իրենց հպատակների իրավունքները պաշտպանելու համար։

Վեճերը վճռվում են ըստ մեծի մասին իջլասներով (տրետեյսկի սուդով, — արբիտրաժ, միջնորդ դատարանով)։

Պարսիկ բնածին հակումը դեպի շռայլությունը և շքեղությունը շատ կարճ ժամանակում մի սաստիկ զարկ տվեց եվրոպական արդյունաբերության տարածվելուն նոցա երկրում։ Սպահանի զարբաբները և թավիշները, Ղազբին զանգանի մետաքսեղեն գործվածները, Բլուջերդի նահանգի և Գյուլփեքյանի բամբակեղենի գործվածները և չթերը խիստ կոշտ և կոպիտ երևացին եվրոպական գործվածների նրբության և գեղեցկության հանդեպ։ Նրանք ընկան և մնացին ժողովրդի ստորին և աղքատ դասի գործածության առարկա։

Միակ մթերքը, որ մնաց անհաղթելի եվրոպացիներից, էին խալիները, որ փառավոր կերպով արվեստագործում է Խորասանը և շալերը։ Պարսկաստանը ապրանք է ստանում հետևյալ եվրոպական գլխավոր քաղաքներից. Ֆրանսիայում` Մարսել և Փարիզ, Անգլիայում` Լոնդրա և Մանչեստր, Գերմանիայում` Լեյպցիք, Ավստրիայում` Վիեննա, Ռուսաստանում` Նիժնի-Նովգորոդ յարմարկան (տարեվաճառքը), Տաճկաստանում` Պոլիս, աստեղից գնում են միայն երկրորդական դասի վաճառականները։