Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լոնդրայից բերում են ըստ մեծի մասին մահուդեղեն, չինեղեն և բյուրեղյա ամաններ, զենքեր, մանր գործածական իրեր։ Մանչեստրը տալիս է մեծ քանակությամբ բամբակեղեն ապրանք, որպիսի են ամուր գործված և գույնը պահպանող չթեր և կտավներ։ Մարսելը և Փարիզը տալիս են չթեղենի ավելի նուրբ և գեղեցիկ տեսակներ, թեև նոքա երկար չեն դիմանում և այլ գալանտերեական ապրանքներ և մետաքսեղեն զարբաբեղեն գեղեցիկ գործվածներ և բրդեղեն ապրանք։ Լեյպցիգից բերում են մահուդի զանազան տեսակները։ Վիեննան տալիս է գեղեցիկ ֆարֆորի (ճենապակու) ամաններ։ Նիժնիի յարմարկայից բերում են նույնպես ֆարֆորի ամաններ, որոնք արհեստագործության ստորության պատճառով գործ են ածվում միջին կարգի ժողովրդի մեջ։ Այստեղից ստացվում են նաև սամովարներ և երկաթ։

Պարսկաստանում գտնվող եվրոպացի վաճառականները այնքան հմուտ են իրենց գործին, և այնքան լավ հասկացել են ժողովրդի ճաշակը, որ իրենց ներմուծելի ապրանքները պատվիրում են եվրոպական գործարաններին արհեստագործելու պարսից պիտույքների և կենցաղի համաձայն։

Ամեն մի առևտրական տուն ունի յուր առանձին նկարիչը, որ նախշերի օրինակներով պատրաստում են եվրոպական գործարաններում ապրանքները և նրանց ձևերը, որը այնպես շուտ-շուտ փոխվում են և այնքան սրընթաց ընթացք են տալիս առևտրական առաջադիմության, որպես մոդայի փոփոխվելը Եվրոպայում։ Ահա այդ պատճառավ եվրոպական ապրանքը այժմ դարձել է հասարակաց գործածության նյութ Պարսկաստանում։

Միակ տերությունը, որ ետ է մնացել այդ ասպարեզում, որ դեռևս չունի ոչ մի վաճառականական տուն Պարսկաստանում — Ռուսաստանն է, որի ապրանքները իրենց ստոր հատկության և պարսից ճաշակին անհամապատասխան լինելու պատճառով երբեք չեն կարող մրցել եվրոպական մյուս տերությունների վաճառքների հետ։ Եվ եթե Ռուսաստանում արտասահմանյան ապրանքները փոքր ի շատե տեղի են տալիս տեղային արդյունաբերության, գլխավոր պատճառն այն է, որ նրանց գները թանկանում են ծանր մաքսերով և դառնում են ամբոխի ստոր դասի համար անմատչելի, և դրանով ռուսաց ապրանքը օգուտ է քաղում, յուր էժանությամբ լրացնելու չունևորների պահանջը։ Իսկ Պարսկաստանում այդպես չէ։ Մաքսը այնտեղ նախ շատ թեթև է, երկրորդ մաքս վճարվում է ոչ թե մթերքի գնահատության չափով, այլ հակերի քանակության