Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համարքով։ Թե՛ կապված հակը լինի թանկագին մետաքսեղենից և թե՛ հասարակ կտավից միևնույն մաքսն է վճարվում։ Հակերը, որպես են Եվրոպայում կապված երկաթե կապերով, այնպես էլ մտնում են վաճառականի ամբարը, առանց բացվելու, մաքսատան կնիքը չի դիպչում նրանց։ Ուրեմն Պարսկաստանի մեջ Ռուսաստանի ապրանքը ո՞րպես կարող էր մրցություն անել մյուս եվրոպական ապրանքների հետ, որոնք անհամեմատ ավելի էժանագին են և ավելի լավ հատկություններով։

Ոչ մի երկրում հագուստը այնպես շուտ չէ մաշվում և այնպես շուտ չի փոխվում, որպես Պարսկաստանում։ Թողյալ կանայքը, տղամարդիկ իսկ դեռևս չեն վարժված հագնել ամուր և դիմացկուն բրդեղեն գործվածներ։

Պարսկի հագուստը մեծ մասամբ բաղկացած է բարակ մետաքսեղեն նյութերից, չթեղեն և բրդեղեն գործվածները մեծ մասամբ ստոր կարգի ժողովրդի հագուստն է կազմում։

Պարսիկ կինը թեև դրսում ման է գալիս փաթաթված յուր չարշավի (սփածանելիի) մեջ, թեև նրա զարդարանքը ծածկված է այդ տղամարդերին ոխերիմ սավանի տակ, բայց նրա ամուսինը սիրում է հարեմի պատերի մեջ տեսնելու յուր կինը ամենաշքեղ կերպով զարդարված։ Նրա հագուստը այնքան խայտաճամուկ և վառվռուն է, որպես արևելքի որդու վառ երևակայական բնավորությունը։

Ղորանով արգելված ոգելից ըմպելիքների չգործածելը սաստիկ զարկ տվեց թեյի և շաքարի տարածվելուն Պարսկաստանի մեջ։ Նոքա եղան ընդհանուր գործածության նյութ, ոչ իբրև հասարակ ըմպելիներ ընտանիքի կենցաղավարության մեջ, այլ որպես հյուրասիրության գլխավոր առարկա։ Պարսիկը պատվում է հյուրին շատ անգամ մինչև տասն բաժակ խիստ թունդ և շաքարով թանձրացրած թեյով։

Թեյը և շաքարը ստացվում են գլխավորապես Մարսելից, Լոնդրայից և Հոլանդիայից։

Հաշված է, որ բոլոր ապրանքները և վաճառականական մթերքը, որ դուրս է գնում Պարսկաստանից, հազիվ է հավասարակշռություն պահում միայն թեյի և շաքարի հետ։ Մնացորդ ապրանքները, որ ներս են մտնում արտասահմանից, բոլորը փող են դուրս տանում։ Ի նկատի առնելով այդ սարսափելի երևույթը, շատ հավանական է նախագուշակել այդ երկրի խիստ մոտավոր աղքատությունը և նրա թշվառ ապագան։