Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քարի վրա չի թողնում գյուղի դպրոցից և պահանջում է հողին ու երկրագործությանը օգտակար դպրոցներ բաց անել։ Նա խոր վիշտ է ապրում քաղաք գաղթող երիտասարդության առթիվ, որը կորցնում է իր լավ հատկությունները, ենթարկվելով քաղաքի այլանդակ կենցաղի ազդեցությանը, գյուղն իր հերթին զրկվում է նոր սերնդից ու թարմ ուժից։

Մեծ քաղաքի երիտասարդի հիմնական դեմքը ուսանողն է։ Ռուսաստանի մտավոր կյանքը խորապես ազդել է հայ երիտասարդության վրա, ազդել է և ֆրանսիական ու գերմանական կրթությունը։ Ոգևորությամբ է խոսում Րաֆֆին Ֆրանսիայում ուսանողության դերի մասին հասարակական կյանքում. այս այն դեպքն է, երբ հրապարակախոսը նկատում է սոցիալական մեծ երևույթներ, նա գրում— երբ պատահում է մի ժողովրդական շարժում, երբ ծագում է մի քաղաքական հեղափոխություն, ուսանողները խլրտում են, զարթնում են որպես քնած առյուծ, և առաջինն են լինում, որ թնդեցեում են փողոցները մարսելիեզներով, փշրում են բռնակալների արձանները ու թռչում են բարիկադների վրա»։ Ով որ փոքր ի շատե ծանոթ է ֆրանսիական պատմությանը, գիտե, թե որպիսի մեծ դեր խաղացին ուսանողները 1830 և 1848 թվականներում, և մանավանդ Կոմունայի ժամանակ»։ Սրամիտ է Րաֆֆու այն դիտողությունը, որ նույն Ֆրանսիան օտարազգիներից կոսմոպոլիտներ է պատրաստում։

Քննադատական սուր տողեր է նվիրում Րաֆֆին Թիֆլիսի բուրժուական ինտելիգենցիային, բայց սիրով է գրում նոր երիտասարդության՝ մշակական սերնդի մասին, ի հակադրություն ռեակցիոն սերնդի։ Ավելի զայրագին նա արտահայտումում է այն պայմանների դեմ, որոնց մեջ գտնվել են բուրժուական խոշոր քաղաքում պանդուխտ մշակները, բեռնակիրները, հասարակ մարդիկ, որոնք տասնյակ հազարներով թափվել են այդտեղ օրվա հաց հայթայթելու համար։ Անելանելի է դրանց գրությունը, և Րաֆֆին ընթերցողին է թողնում եզրակացնել, թե որպիսի ապագա է խոստանում հայ երիտասարդությունը։

Եվ, հիրավի, հրապարակախոսն իր վերջին խոսքը չէր ասում ու չէր կարող ասել։ Հայ կնոջ ու հայ երիտասարդի կյանքը բուրժուական հասարակության մեջ ենթակա էր նույն հասարակության օրենքներին։ Ապագան Րաֆֆու համար անորոշ էր։ Նա չի դնում ռևոլյուցիայի հարցը, նրանով հեղաշրջելու նաև երիտասարդի կեցությունը։ Ի՛նչ ցույց կտա կյանքը—առայժմ այսքան,— մտածում է Րաֆֆին։

Հին արժեքների վերագնահատության սուր պայքարի տարիներին Րաֆֆին երևան է բերում նաև կրոնի ու հոգևորականության, դպրոցի, կրթության և մանկավարժության հարցերը։ Խնդիրն այն էր, որ կրոնը, եկեղեցին, դպրոցը, մանկավարժությունը տիրում էին հասարակության լայն խավերի հոգևոր կրթության ու դաստիարակության ասպարեզներում, իսկ թե ի՜նչ ուղղություն, ի՞նչ բովանդակություն և ի՞նչ հեռանկար էր տրվում դրանց—այդ պրոբլեմները որոշիչ նշանակություն էին ստանում։

«Եկեղեցականների հարցը» հոդվածում Րաֆֆին այսպես է բանաձևում իր մքերը։