Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սարվազը ապրում է յուր տանը, այդ պատճառով տերությունը չէ մտածում շինել նոցա համար մարտկոցներ։

Գլխավոր քաղաքներում, որպիսին են Թեհրան, Թաբրեզ, որտեղ կան գիշերապահ զինվորներ, սարվազների համար շինված են մի տեսակ ասիական քարվանսարաների նման տներ, որոնք կոչվում են սարվազխանաներ: Մինչև այն աստիճան կեղտոտ, որ նկատված է, խոլերան Պարսկաստանում առաջին անգամ հայտնվում է սարվազխանաներում:

Մի քանի տարի առաջ կառավարությունը սարվազներին ոչինչ թոշակ չէր տալիս։ Երբ սարվազը գնում էր սաֆար, նա ստանում էր հանդիպակաց քաղաքից կամ գյուղից շիլա և սուլսաթ, այսինքն` ուտելիք։

Ասել պետք չէ, որ առանց պատճառների ևս ժողովուրդը կողոպտող սարվազները մի այսպիսի առիթով որքան կչարչարեին խեղճ ժողովրդին, մինչև ամիր, նորա հիշատակը ի բարին եղիցե, վերացրուց այդ օրենքը, որ մնացել էր Պարսկաստանի բարբարոսական հնությունից:

Զինվորական երաժշտություն: Երաժշտություն... Ի՞նչ գրեմ դրա մասին: Երևակայեցեք սոխակը, ագռավը, կատուն, ավանակը և այլ դոցա նման կենդանիներ հավաքված միասին կամենային երաժշտություն կազմել, նորանցից ամեն մինը առանց տակտի յուր ձայնին զոռ էր տալիս, որպիսի՜ ներդաշնակություն կդուրս գար. ահա՛ քեզ զինվորական մուզիկան։

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Կրոնական շարժումներ մահմեդականների մեջ: —Ամերիկացի բողոքական միսիոնարներ: —Կաթոլիկ միսիոնարներ լազարիստների կարգից: —Հայոց հոգևոր կառավարությունը Պարսկաստանում և նորա անբավականացուցիչ ընթացքը: —Հայոց ազգային սանմանադրություն Պարսկաստանում:
—Պարսկաստանի հայոց մտավոր շարժումը և Դավրեժի ազգային դպրոցը:
—Ո՞րպես պետք է բարեկարգել Պարսկաստանում վիճակային հոգևոր կառավարությունը: —Դսվրեժի ընթերցարանը:

Պարսկաստանում վերջին ժամանակներումս մահմեդականների մեջ հայտնվում են խիստ զգալի կրոնական շարժումներ, որոնք առաջ թաքնված էին հալածանքի երեսից։ Երևան են գալիս զանազան