Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թե հալածանքը սաստկացնում է աղանդների աճելությունը, — դա մի պարզ ճշմարտություն է։ Եվ առաքյալների օրերում, երբ հրեաները ամենայն խստությամբ հալածում էին նոցա քարոզությունները, մի ատյանի մեջ, որ հավաքված էր նորանց դատապարտելու համար, խիստ խելացի կերպով խոսեց հրեաների օրենսուսոյց Գամաղիելը. «Հեռու կացեք այդ մարդկանցից (առաքյալներից) և թողեք դորանց, պատճառը, որ եթե այդ խորհուրդը և այդ գործը մարդկանցից է, կքանդվի։ Բայց թե որ աստծուց է, չեք կարող քանդել դորանց, գուցե աստուծո դեմ կռիվ անողներ կլինիք»։

Բայց ես ուրիշ կերպ կասեմ. — ամեն մի աղանդ, որ ծագում է մի ժողովրդի մեջ, եթե չի համապատասխանում նույն ժողովրդի կենսական պահանջներին, նա հիմք չունի, ինքն իրան կոչնչանա։

Բայց Պարսկաստանի մեջ աղանդների ոչնչանալը անհնարին է, որովհետև նորանք ժողովրդի բուն պահանջների արտահայտությունն են։ Գուցե նորանք կկերպարանափոխվեն, բայց իրանց իսկությունը կորցնելու չեն։

* *

*

Ոչ սակավ շարժումն է ձգել Պարսկաստանում քրիստոնեական քարոզությունը, որ մուտք է գործել ամերիկացի բողոքական առաքյալների ձեռքով։ Նորանք համարյա թե Պարսկաստանի բոլոր նշանավոր քաղաքներում ունեն իրանց ծածուկ և հայտնի քարոզիչները, սկսյալ Դավրեժից մինչև Բենդիր-Բուշիր։ Քանի օր առաջ այս տեղում գտնված նոցա ժողովարանը գնացի, նա գտանվում է ամենագեղեցիկ և հոյակապ տան մեջ հայոց թաղում։ Ժողովարանի դահլիճը լիքն էր լսողներով երկու սեռից ևս. նոցա մեծ մասը մահմեդականներ էին, որոնց թվում կային մի քանի մոլլաներ և սեիդներ (իսլամի մարգարեի որդիներ), իսկ լսողների մնացյալ մասը կազմված էր հայերից և ուրիշ ազգություններից։ Անգլիացի քարոզիչը ամբիոնի վրա խոսում էր իր քարոզը ամենին հասկանալի թուրքաց լեզվով. աղոթքները և երգերը մատուցանում էին դարձյալ նույն լեզվով։

Զարմանալի է, թե որպիսի խորին տպավորություն է անում մինչև անգամ անզգա սրտերի վերա լավ քարոզը։ Ես սկզբում ուշադրությամբ էի լսում, բայց հետո համարյա դադարեցա լսելուց, թեև նա խիստ գեղեցիկ և քաղցր էր։ Ես նույն միջոցին մտածում էի... բայց ի՞նչ էի մտածում... մտածում էի մեր եկեղեցու և մեր եկեղեցականների մասին․․․