Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես հիշեցի, որ քանի օր առաջ քաղաքի հայոց եկեղեցու քահանաները բողոքել էին սրբազան առաջնորդի մոտ, որպեսզի եկեղեցուն կից ընթերցարանը կիրակի օրերը փակվի, որովհետև ժողովուրդը ընթերցարան գնալով, էլ ժամ չէր գալիս, և քահանաները զրկվում էին յուրյանց շահերից... Նորին սրբազանությունը շատ խելացի կարգադրություն արեց, հրամայեց, որ ընթերցարանը բացվի` եկեղեցու մեջ պատարագն ավարտվելուց հետո... Բայց ցավալին այն է, որ դորանով ևս եկեղեցի գնացողների թիվը չբազմացավ...

Ինչո՞ւ։ — Քահանաները պատասխանում են, թե ժողովուրդն անհավատ է դարձել, կրոնքը և ջերմեռանդությունը նոցա մեջ սառել է... Այս խոսքերը լսվում են ամեն տեղ, ամեն հայ քահանայի բերանից... Բայց ճշմարի՞տ են նրանք։

Ո՛չ։ Մեր ժողովուրդը անհավատ չէ և ոչ սառել է նորա մեջ կրոնական ջերմեռանդությունը, բայց թե նորան չի գրավում յուր մայրենի եկեղեցին, դա ունի յուր առանձին պատճառները։ Վեր առնենք երկու հիմնարկություն` մինը եկեղեցին, մյուսը ընթերցարանը, երկուսն էլ մրցություն են անում միմյանց հետ, երկուսի մեջ նույնպես լինում են ընթերցանություններ, բայց մինը տալիս է կենդանի խոսք և մտավոր սնունդ, մյուսը հնչեցնում է գրաբար անհասկանալի և մեռյալ ձայներ միայն... ընթերցարանը հաղթող է հանդիսանում, որովհետև ժողովուրդը նորան հասկանում է և նորանով գրավվում...

Աստվածների տաճարները զանազան ժամանակներում զանազան կերպերով գրավում էին ժողովրդի սիրտը։ Կար ժամանակ (և այժմ Հնդկաստանում նույնն է), երբ մի արձան բազմաթիվ գլուխներով և բազմաթիվ ձեռքերով, որի պարանոցի վերա գալարվել էին վիշապներ, կամ գցած էր մի մանյակ` շարած մարդիկների կառափներով, որը մի ձեռքով բռնել էր փոքրիկ երեխայի ոտներից և մինչև նորա կեսը կուլ էր տալիս. — այսպիսի աստվածներն յուրյանց հրեշավոր այլանդակությամբ սարսափ էին գցում ռամկի վերա և հետևապես զարթեցնում էին նորա մեջ հարգանք և մոլեռանդություն դեպի յուրյանց սրբարանը։ Բայց երբ որ մարդիկների ճաշակը նրբացավ, երբ նրանք սկսեցին սիրել գեղեցիկը և վսեմը, այն ժամանակ աստվածներն ևս փոխեցին յուրյանց կերպարանքը, նորանք սկսեցին երևալ տաճարների մեջ ավելի գեղեցիկ և վայելուչ կերպով։ Հռոմի և Աթենքի գեղարվեստն ստեղծեց աստվածների ամենաընտիր օրինակներ, և այնուհետև ամբոխը գրավվում էր յուր տաճարների շքեղությամբ, իր աստվածների գեղեցկությամբ։