Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցաքննություն։ Ճշմարիտն ասած, ես բոլորը գտա գոհացուցիչ, չնայելով, որ երեխայք շատ փոքր էին և նորանցից շատերը երկար ժամանակ չէր, որ մտել էին դպրոցը։

Այնուհետև վարժուհին հայտնեց, թե ինքը շատ ցանկանում է ունենալ հայոց աշխարհաբար լեզվի քերականություն` աշակերտներին մայրենի լեզուն կանոնավոր կերպով ուսուցանելու համար, և դիմում էր իմ խորհուրդին, որ նորան մի որևիցե ձեռնարկ առաջարկեմ։ Ես ամաչեցի ասել, թե մեր աշխարհաբարը դեռ բոլորովին մշակված չէ, և մենք աշխարհաբարի կանոնավոր քերականություն չունինք, և առաջարկեցի պ. Պալասանյանի քերականությունը։ Նա իսկույն նշանակեց յուր հիշողության տետրակի մեջ։

Ամո՛թ մեզ համար. ամերիկացուհին մտածում է հայի որդուն կանոնավոր կերպով ուսուցանել յուր մայրենի լեզուն, բայց աշխարհաբարի քերականությունը դեռ բուն հայկական դպրոցներում մուտք գործած չէ…

Չմոռանանք ասել, որ քանի օրից հետո ես ընդունեցի մի քանի խոշոր բամբասանքներ, թե ինչո՞ւ ես մտել էի ֆարմասոնների ժողովարանը, — այստեղ այդպես են կոչում բողոքական քարոզիչներին։ — Ողորմելի՛ մարդիկ, դեռ չգիտեն, թե ի՛նչ նշանակություն ունի մտնել թշնամու բանակը և նրա ուժերը կշռել... Այս կեղծավորները, ճշմարիտ է, հայոց եկեղեցու փոշիները յուրյանց ծնրադրությամբ լկստում են, բայց եթե գիտենային թե Հայկի և Արամի ոսկերքը կարող էին մի քանի կոպեկի շահ բերել, միշտ պատրաստ են նորանց գերեզմաններից հանել ու վաճառել…

* *

*

Այսքան խոսելով բողոքական միսիոնարների մասին, չի կարելի և մի քանի խոսք չասել կաթոլիկ կղերի մասին, որոնք հայտնվել են Պարսկաստանում, որպես լույս և ճշմարտություն տարածողներ։ Եվրոպայում անարգված և յուր համարումը կորցրած այդ սևախումբ հասարակությունն այժմ որոնում է յուր զոհերը միամիտ արևելքում։ Նորանք գործում են այստեղ այն, ինչ որ մի քանի դար առաջ անում էին Եվրոպայում։ Որպեսզի ավելի շոշափելի կերպով նկարագրվի դորանց գործունեությունը, իբրև օրինակ ես վեր կառնեմ մի գյուղ, ուր անցյալ ամառ Սալմաստա կողմերում ճանապարհորդությանս ժամանակ առիթ ունեցա գտանվելու։ Այս գյուղը կոչվում է Խոսրովիա. դա ունի մինչև 300 տուն բնակիչներ,