Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր բացի մի քանի հայ լուսավորչական ընտանիքներից մնացյալը, բոլորը կաթոլիկներ են։

Չի կարելի մի ուրիշ տեղում ավելի բացարձակ կերպով նկատել կաթոլիկ կղերի բթամտացնող, ստրկացնող և կենդանի մարդկանցից դիակներ պատրաստող ազդեցությունը, որպես հիշյալ գյուղում։ Թե որպիսի զենք է գործ դնում հռովմեական կղերը տիրելու իր ժողովրդի սրտի, մտքի և բոլոր զգացմունքների վերա, դա արդեն հայտնի է, դա կրոնական խայտաճամուկ թելերով պատրաստված ուռկանն է, որով որսում է նա յուր զոհերը։ Բայց այստեղ գործ է դրվում մի ուրիշ և ավելի սարսափելի զենք, որ բոլորովին ստրկացնում է ժողովրդին կղերի ձեռքում։ Այս վերջինը կարոտ է բացատրության։

Զարմանալի է, թե որպես կաթոլիկ կղերը գիտե օգուտ քաղել զանազան հանգամանքներից, երկրի դրությունից, ժողովրդի վիճակից և այլն։ Խոսրովիա գյուղը, որի մասին է մեր խոսքը, Սալմաստա այն գյուղերից մեկն է, ուր ամենասարսափելի կերպով աճել է վաշխառուների հարստահարությունը։ Կաթոլիկ կղերը հիշելով այն առածը, թե «պարտականը պարտատիրոջ գերին է», մտածեց օգուտ քաղել և այն ստրկացնող միջոցից, որի մեջ կային և նյութական շահեր։

Խոսրովացին միշտ փողի կարոտություն ունի։ Հասկանալի է, թե ինչ կլինի մի ժողովրդի վիճակը, երբ նա գործում է և վաստակում է միմիայն յուր եկեղեցու և նորա պաշտոնյաների պիտույքները լցուցանելու համար։ Մի գյուղի մեջ, որպես Խոսրովիան է, կան երկու վանքեր, մեկը կուսանանց, մյուսը աբեղաների. երկուսն էլ լիքն են միաբաններով։ Ժողովուրդն աղքատ է, այսուամենայնիվ նա պետք է լցուցանե այն պարտավորությունները, որ դնում է նորա վերա եկեղեցին։ Բայց նա ունի ուրիշ պարտավորություններ ևս, նա պետք է հոգա յուր ընտանիքի ապրուստը, նա պետք է վճարե դիվանի տուրքը և այս տուրքը նույնպես ծանր է և անտանելի, որպես եկեղեցունը։ Որտեղի՞ց պետք է տա. նորա երկրագործական վաստակը չէ լրացնում այս բոլոր ծախսերը, մնում է մի ճար միայն — պարտք անել։ Նա սկսում է մահմեդականներից պարտքեր անել խիստ ծանր տոկոսներով, յուր այգին, տունը, պարտեզը գրավ է դնում։ Նա անդադար պարտամուրհակները փոփոխում է, տոկոսը տոկոսի վերա բարդվում է. իսկ պարտքերը հատուցանելու ոչինչ հնար չկա։ Ի՞նչ պետք է անի նա։

Գյուղացոց պարտքերը հասնում են մինչև մի քանի հարյուր,