Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այժմ Պարսկաստանի հոգևոր կառավարությունը նույն դրության մեջ է, ինչ դրության մեջ էր պատրիարքի իշխանությունը Կ. Պոլսում սահմանադրությունից առաջ։ Առաջնորդը յուր թեմի սուլթանն է, նա ինչ որ կամենում է, անում է առանց ոչ ոքի հաշիվ ու համար տալու։ Նա ստանում է յուր վիճակի յուրաքանչյուր ընտանիքից (ծուխից) մի նշանակյալ հոգևոր տուրք, նա ստանում է առանձին տուրք մկրտության, պսակի և թաղման համար։ Նա ստանում է վարձ տգետ քահանաներ ձեռնադրելու համար, նա ստանում է և քաղաքավարի «աջահամբույրներ», երբ մեկի դատաստանական գործը դիվանում շինում է, շիտկում է... Նա շատ բաներ է ստանում, և այդ բոլորն այլ խոսքով կոչվում է հոգևոր պտուղ[1]...

Բոլորը, ինչ որ ստանում է առաջնորդը, նրա անձնական սեփականությունն է, նա չունի յուր մոտ ոչ կոնսիստորիա և ոչ որևիցե վերադիտող ատյան։ — Նա վարվում է յուր ժողովրդի հետ այնպես, որպես կապալառուն յուր վարձած այգու հետ, որ եթե պտուղից չկարողանա ավելի շահել, կսկսե ծառերի ճյուղերը կտրտել և ծածուկ վաճառել…

Թողնենք հարցի նյութական կողմը, դառնանք նորա վարչական նշանակությանը։ Շատ պարզ է, որ միապետությունը, մանավանդ հոգևոր կառավարության մեջ, ավելի բռնապետական կերպարանք է ստանում, երբ իրավունքի լավ կամ վատ գործադրությունը կախումն է ունենում միմիայն մի մարդու կամայականությունից։ Այստեղ գործերի ընթացքը կապված է կառավարող անձի բարոյական հատկությունների հետ, որովհետև նորա իշխանությունը սահմանափակված չէ, և նորա կամայականությունը թե՛ լավության և թե՛ վատության մեջ սահման չունի։ Քննելով մի քանի տասնյակ տարիների Պարսկաստանի հոգևոր առաջնորդների գործունեությունը, ավելի պարզ կերպով երևան է գալիս մեր ասածների ճշմարտությունը. նորանցից ոմանք բնավորապես տրամադրված լինելով դեպի հասարակաց բարին, թողել են բավական ազգօգուտ գործեր, իսկ ոմանք խիստ սև հիշատակներ... Բայց ոմանք եղել են բոլորովին անտարբերներ, ոչ լավն են գործել, ոչ վատը. — այսինքն նույնպես լավերի կարգն են անցնում. որովհետև հայի համար միշտ լավ մարդ է նա, որ վնաս չի տալիս, որպես ճշմարիտ մարդ է նա, որ գող չէ։ Հայը մարդկությունից շատ փոքր

  1. 1 Վիճակային առաջնորդի ստացած հիշյալ հոգևոր արդյունքներից դուրս է այն վարձատրությունը, որ ստանում են քահանաները որպես վարձ յուրյանց եկեղեցիական ծիսակատարությանց համար։