Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ագուլիսում ծանր օրեր է ապրել, անընդհատ պայքարի մեջ է եղել, այդ պայքարը լայն արձագանք է գտել մամուլում։ Իբրև մտածող, մանկավարժության մեջ նա տեսնում է հզոր զենք՝ նոր սերունդ դաստիարակելու գործում, կռվում է դպրոցի ու կրթության աշխարհականացման համար, բայց չի ժխտում և կրոնի դերը, կամենալով ծառայեցնել նրան, որպես ազգության միասնությանը նաև դպրոցի միջոցով նպաստող բարոյական ուժ։

Այսպես, ահա, Րաֆֆու հրապարակախոսությունը բոլորվում, ստանում է իր ամբողջական պատկերը 1850—1880 թվականների սկզբի համար։ Ինքը՝ Րաֆֆին, անհրաժեշտ է համարել շարադրել իր հրապարակախոսության ծրագիրը «Ինքնախաբեություն» և «Խավարի արբանյակները» հողվածներում։ Ձեռք բարձրացնելով ինքնախաբեության, այսինքն՝ ազգային սնապարծության վրա կառուցված պահպանողականության ու ազգային ռեակցիոն ուղղության դեմ, Րաֆֆին ինքնախաբեությանը հակադրում է ինքնաճանաչողությունը, սնապարծության դեմ ուղղում է Սոկրատեսի այն միտքը, թե «ես միայն մի բան գիտեմ, այն է, որ ոչինչ չգիտեմ»։ «Այդ խոսքի մեջն է ինքնաճանաչության բոլոր վսեմությունը»,—գրում է հայ հրապարակախոսը։ Քննադատել, քննական հայացքի տակ առնել իրականությունն ու հասարակությունը — այս Րաֆֆու ելակետն է։ Նրա քննադատության ոլորտն է մտնում, ըստ նրա շարադրության, ընտանիքը — ազգայնության այդ հիմքը, որովհետև այն սկսել է փտել, լեզուն, որովհետև այն այլասերվում է, գրականությունը, որովհետև այն աղքատ է և ժողովուրդը զուրկ է մտավոր սննդից, դպրոցը, որովհետև ամենաթշվառ դրության մեջ է և իմաստակների ձեռքում խաղալիք է դարձել, եկեղեցին, որովհետև այլանդակվել է և նրա վարչությունը գտնվում է բաշիբոզուկների մի կաստայի ձեռքին, լրագրությունը, ամսագրերը, որովհետև փոխանակ արթնացնելու ժողովրդին, թմրեցնում ու ավելի մոլորեցնում են նրան։ «Ինչ որ հայկական է, այն լավ է»,— ասում են պահպանողականները, փտած ու կեղծ ազգասերները։ Րաֆֆին մերկացնում է «ազգասերի» այդ տիպը, մերկացնում է և կոսմոպոլիտի տիպը։ Հրապարակախոսը և նրա համախոհները քանդում և ոչնչացնում են,— այսպես են ասում նրանց մասին խավարամոլները, իսկ Րաֆֆին պատասխանում է․— «Մենք այգեպանի պաշտոն ենք կատարում»,— անխնա կտրում ենք ծառի չորացած, փտած և ավելորդ ճղները, նոր ճյուղ չենք կպցնում, որովհետև նորը ինքն իրան կբուսնի, եթե ծառի մեջ կյանք կա, ուժ կա և հողի մեջ արմատ ունի... Բարեխիղճ վիրաբույժի պաշտոնն է կտրել մարմնի փտած ու ապականված մասը և պահպանել նրա կենդանությունը։ Այդպես է հասկացել Րաֆֆին «Մշակի» դերը՝ հրապարակախոսության մեջ։ Ողորմելի դատարկություն է տիրում մեր կյանքին,— բացականչում է Րաֆֆին և այդ դատարկությանը նա հակադրում է այն նորը, որ ինքը գտնում է ժամանակակից թարմ ուժերի մեջ, նրանց ծրագրի, նրանց գաղափարախոսության մեջ։ Րաֆֆին պատրանքներ չի կառուցում․— նրա հենարանը մշակական ուղղությունն է և գաղափարական այն առանձնահատկությունները, որ նա ոնի Գր. Արծրունու համեմատությամբ, իր խոր համակրանքով դեպի դեմոկրատիան։ Արծրունու լիբերալիզմից հեռանալու նախանշանները կան և՛ 1870-ական թվականների րաֆֆիական հրապարակախոսության մեջ, բայց բուն պառակտումը կգա ութսունական թվականներին, երբ գրող ու մտածող Րաֆֆին կկանգնի նոր խնդիրների, դրանց լուծման նոր հեռանկարների առաջ։