Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք համոզված ենք, որ ազգային սահմանադրությունը սկզբում մի նշանավոր օգուտ չի կարող բերել նաև Ատրպատականում ժողովրդի անպատրաստ լինելու համար։ Դա կլիներ միայն սկսել գործը յուր ժամանակից առաջ, որ անհմուտ գործադրողների ձեռքում խեղաթյուրվելով և այլանդակվելով, մի ավելի հրեշավոր բան պիտի դառնար։

Բայց մենք հայերս առհասարակ նախապատրաստված մարդիկ չենք, մենք սովորում ենք գործել գործի մեջ. օրինակ, մեզանում վարժապետը սովորում է մի առարկա, նույն առարկան ծուռ ու սխալ կերպով աշակերտներին դաս տալով, բժիշկը սովորում է բժշկություն, ավելի մեծ թվով մարդիկ կոտորելով. լրագրապետը սովորում է գրել, հիմար թերթեր դուրս տալով. — ամեն գործ մեզանում այսպես է առաջ գնում...

Թեև մենք ընդդեմ ենք դոնքիշոտության, թեև մենք գիտենք, որ ամեն մի վերանորոգություն որևիցե ժողովրդի կյանքի մեջ լինում է ավելի հիմնավոր և ավելի օգտավետ, երբ ժողովուրդը հասնում է նորան յուր կանոնավոր զարգացումով, հաջորդաբար և ոչ թռիչքներ գործելով, — այսուամենայնիվ, Պարսկաստանում ազգային սահմանադրություն ունենալու խնդրի մեջ մենք խորհուրդ կտայինք տեղային հայերին` ամենայն վստահությամբ դիմել այս գործին։ Ժողովուրդը դորանով շահած կլիներ երկու բան` առաջին, կանոնավոր ձևերի մեջ կդներ տեղային հոգևոր կառավարությունը, երկրորդ, որ նա առայժմ ստացած կլիներ մի արտոնություն, որ մի քանի տասնյակ տարիներից հետո գուցե դժվար կլիներ ձեռք բերել…

Թեև բավական անբնական երևույթ է տիրող ազգի անկարգ միապետական կառավարության մեջ մի մասնավոր ազգի ունենալ առանձին սահմանադրական վարչություն, բայց այլապես լինիլ կարելի չէ, քանի որ որպես Թուրքիայում, նույնպես և Պարսկաստանում տիրապետող ազգերը խիստ թույլ և դանդաղ կերպով են շարժվում, իսկ քրիստոնյաները համեմատաբար խիստ առաջ են գնացած. նորանք սպասել կարող չեն, մինչև մահմեդականները դուրս գալով վաղեմի նախապաշարմունքներից, նորեն ոտք կկոխեին առաջադիմության շավղի վերա։

Բայց որպես և լինեին, պետք է այսքանով ևս գոհ լինել, որ պարսիկ կառավարությունը այժմ յուր ոչ մահմեդական ազգերին չի խնայում որևիցե արտոնություն, որ կարող էր նորանց հանգստությանը և առաջադիմությանը նպաստել։ Ինչո՞ւ օգուտ չքաղել