Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միտք չունինք։ Բայց մտածո՞ւմ է արդյոք ժողովուրդը, թե յուր տվածը որտեղ է մտնում։ — Մտնում է առաջնորդի քսակը...

Դարձյալ քսակի խնդիրը մեջ մտավ։

Հայերի մեջ, որքան հիշում եմ, Պարսկաստանի պես չկա մի վիճակ, որ հոգևոր առաջնորդը, մի արևելյան միապետի նման, ազատ և անձնիշխան կերպով ժողովրդի վերա հարկեր նշանակեր և այս ու այն եկեղեցական արարողությանց համար առանձին տուրքեր ստանար։ Զանազան երկրներում կան զանազան ձևով հոգևոր վարչություններ, բայց նոցա և ոչ մեկը Պարսկաստանի ինքնահաճ կամայականությունը չունի։ Մի տեղ` օրինակ, Ռուսաստանում, թեմերը ունեն յուրյանց վիճակային կոնսիստորիան, ուր տնօրինվում են բոլոր եկեղեցական գործերը և կանոնավոր հաշվի ու համարի տակ են ընկնում։ Վիճակային հոգևոր արդյունքը նույնպես տնօրինվում է կոնսիստորիայի ձեռքով և յուր նշանակությանը համեմատ գործի է դրվում։ Առաջնորդը, որպես վիճակային հոգևոր կառավարության ներկայացուցիչ, իրավունք չունի գոյացած արդյունքից մի կոպեկ անգամ յուրյան սեփականել. նա ունի յուր համար նշանակած ռոճիկ, որով ապրում է։ Կան ուրիշ տեղեր, օրինակ, Տաճկաստան, ուր վիճակային հոգևոր ատյանը յուր ձեռքում ունի վիճակի կառավարությունը։ Բայց Պարսկաստանում չկան դոցա և ոչ մեկը. այստեղ կառավարում է միմիայն առաջնորդը և ամեն ինչ կախում ունի միայն նորա կամքից…

Մի՞թե կարելի է այդ։

Մենք ամենևին չենք դատապարտում այս երևույթը, թե ինչո՞ւ է եղած այսպես. մենք գիտենք, որ Պարսկաստանի միապետության մեջ մի այլ ձևով հոգևոր կառավարություն կազմվել կարող չէր։ Մենք գիտենք, որ հայ կղերը, երբ ազատ է, նա բռնակալ է, և եթե այս կամ այն երկրում սահմանափակված է նորա կամայականությունը, այդ մասին պետք է գոհ լինել բարձրագույն տիրող կառավարությունից։

— Այո՛, հայ կղերը սիրում է ազատություն, բայց նա ցանկանում է ազատությունը միմիայն յուր համար։ Այն ցնո՛րք է, որ շատ անգամ ասում ենք` «հայոց եկեղեցին ժողովրդական է». եթե նա մի ժամանակ ժողովրդական էր, դա ուրիշ հարց է, իսկ այժմ այդ չի երևացնում...

Ի՞նչ ելք կա։ —

Պետք է վերանորոգել, պետք է ոչնչացնել հին ձևը, և բոլորովին նոր կերպարանք տալ նորան։