Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավոտից մինչև երեկո նորանք զբաղված էին յուրյանց գործերով, իսկ տուն դառնալուց հետո խիստ մերձավոր բարեկամները, միայն այն էլ ոչ միշտ, կարող են միմյանց տեսնել։ Եվ այսպես ընկերական կապը նոցա մեջ ամեն կերպով կտրված էր։ Հասարակային տեղեր չկային, ամեն մարդ յուր աշխարհը գտնում էր յուր նեղ ընտանեկան շրջանի մեջ, որից դուրս նորա համար կյանք և լույս չկար...

Ապրելով այսպիսի առանձնական կյանքով, ժողովուրդը մինչ այն աստիճան բթամտացած էր, մինչ այն աստիճան հանգել էր նորա մեջ մարդկային զգացմունքները, որ նա բոլորովին անզգա էր դարձել դեպի հասարակային գործերը. նա չէր հետաքրքրվում, թե յուր հորիզոնից դեպի հեռու կողմերում ի՞նչ են գործում մարդիկ, ի՞նչպես են ապրում և ի՞նչ են մտածում...

Այսպիսի վիճակի մեջ էր ժողովուրդը, երբ մի քանի եռանդոտ երիտասարդներ մտածեցին մի ընթերցարան հիմնել և նրանով առիթ տալ ժողովրդին մի կողմից շուտ-շուտ միմյանց հետ հաղորդակցության կապեր ունենալ, մյուս կողմից զարգացնել նոցա միտքը։

Ընթերցարան բացվեցավ, թողյալ նյութական կողմը, նա սկզբում պետք է հանդիպեր շատ արգելքների, պետք է պատերազմեր հասարակության նախապաշարմանց դեմ։ Ժողովուրդն արհամարհանքով էր նայում այս հիմնարկության վերա, նա ծիծաղում էր. «գիրքը կարդում են աղոթելու համար, և այն կարդում է միայն տեր հայրը, աշխարհականն ինչ գործ ունի գրքի հետ». լրագրության մասին ամենևին գաղափար չունեին, այդ պատճառավ նորա մասին դատել կարող չէին։

Ի նկատի ունենալով այսպիսի տխուր հանգամանքները, ընթերցարանը պետք է հաղթեր մի մեծ դժվարություն. նա չուներ պատրաստի ընթերցասերներ, նա ստիպված էր նորից ընթերցողներ պատրաստել։ Այս նպատակով ընթերցարանն սկզբում ընդունեց մի տեսակ լսարանի կերպարանք, որպեսզի յուր հաճախորդների ճաշակը կրթե, նոցա նախապաշարմունքները ջնջե, նոցա մտածությանց ձևերը փոխե, և նոցա նորանոր գաղափարների հետ ծանոթացնե։ Այս մտքով ընթերցարանը հիմնող երիտասարդները հազար ու մեկ ճարպկություններով մարդիկ էին որսում, այնտեղ բերում։ Մեկն սկսում էր, օրինակ, բարձր ձայնով կարդալ որևիցե լրագրում մի նշանավոր հոդված, մյուսները լսում էին, հոդվածը վերջանալուց հետո հայտնվում էին կարծիքներ, վիճում էին, դատում