Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայծառ լույս կարող էր ձգել մեր հին դյուցազնաբանության վերա, որ դեռ պարզված չէ, մեր լեզվի ֆիլոլոգիայի վերա, որ ամենևին ուսումնասիրված չէ, և հետևապես մեր պատմության վերա, որ շատ տեղերում մութ է։ Որովհետև մեր նախնիքը սկսյալ ամենահին ժամանակներից, անընդհատ հարաբերություններ են ունեցել արիական ցեղերի հետ, որպիսի էին` պարսիկները, պարթևները, բակտրիացիք, մարք, և այլն, իսկ այդ ազգերի ներկայացուցիչներն այժմ մնում են Պարսկաստանում յուրյանց նախնական ավանդություններով և սովորություններով։

Մահմեդականությունը պարսից մեջ ոչնչացրեց հին գրականությունը, որպես քրիստոնեությունը մեր մեջ. բայց նրանք ավելի բախտավոր եղան մեզանից նորանով, որ նոցանից պահպանվեցավ մի ցեղ, որ ազատ մնաց մահմեդականությունից և այսպիսով կարողացավ պահպանել յուր հին գրականության մի մասը. — Դոքա գաբրներն են։ Իսկ մեր հեթանոս եղբայրներից դժբախտաբար և ոչ մինը չմնաց մինչև մեր օրերը։

Իսկ այն, որ մենք պետք է որոնեինք մեր հեթանոս եղբայրների մեջ, այժմ կարող ենք գտնել գաբրների մեջ, որովհետև դոքա նույնպես ազգակցություն ունեն մեզ հետ։

Հնդկաստանի պարսիկ արևապաշտների մեջ այժմ կազմվել է մի ընկերություն բարեգործական և ուսումնական նպատակով, և նրանց կողմից ուղարկված է Թեհրան մի գործակալ Մանուչի անունով, որ մի կողմից հոգս է տանում յուրյանց պարսկաստանցի եղբարց` գաբրների նյութական կարոտությանը, պաշտպանում է նորանց զանազան հալածանքներից, մյուս կողմից, հավաքում է նրանց մեջ գտնված հին գրքերը։ Մանուչին մեծ եռանդով ուսումնասիրում է Խորենացին և հայոց այլ պատմությունները, որոնք կարող էին պարսից հին պատմության մութ տեղերը պարզել։ Որովհետև իրենք պարսիկները (մահմեդականները) հին պատմություն չունեն, և ոչ հետաքրքրվում են գիտենալ յուրյանց մինչ-մահմեդական անցյալը։ Ֆրիդովսու գիրքը, որ այդ մասին մի թանկագին հարստություն կարող է համարվիլ, այն ևս, որպես առասպելավիպական բանաստեղծություն, զուրկ է պատմական ճշտությունից։ Ուրեմն, մի գաբր ուսումնականի համար, որպես է Մանուչին, խիստ ձեռնտու է որոնել յուր ազգի պատմությունը ավելի հին արևապաշտների և հայոց գրքերի մեջ, քան պարսիկների մեջ, ուր ամեն ինչ, որ հեթանոսական էր, ջնջեց մահմեդականությունը։