Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ցանկալի կլիներ, որ մերայինք նույնպես հետևեին Մանուչիի օրինակին, և փոխադարձաբար սկսեին ուսումնասիրել գաբրների գրականությունը, նոցա լեզուն և ավանդությունները, մեր պատմությունը հարստացնելու, և մեր լեզվի ֆիլոլոգիային նյութ տալու նպատակով։ Իսկ ինչ որ վերաբերում է այս հոդվածի հեղինակին, նա արդեն սկսել է գործել այդ մասին, որքան կներեին հանգամանքները, որքան թույլ կտար յուր դրությունը...

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ
Թավրիզ, հունվարի 24

Մինչդեռ Տաճկաստանը յուր հոգեվարքի տագնապի մեջ քրիստոնյաներին նոր արտոնություններ, նոր իրավունքներ է շնորհում, և մահմեդականներին հավասար ազատություններ է տալիս, որ այսպիսյավ յուր գլխի վերա պտուտվող փոթորիկը հեռացնե, և կրկին յուր զոհերի արյունը ծծելու բախտին վերադառնա, — Պարսկաստանի մեջ քրիստոնեից դեմ եղած եղեռնագործությունները օրըստօրե սարսափելի կերպարանք են ստանում։

Հիշենք մի անցք։

Ղարադաղի Քեյվանու գավառի Սըղըն կոչված հայաբնակ գյուղը դիվանի գրքերում նշանակված ունի 25 թումեն (70 ռուբլ.) արքունի հարկ, որը նա պարտավոր էր վճարել կառավարությանը։ Բայց գյուղի Բաղըր-խան անունով տերը փոխանակ հիշյալ գումարի (70 ռուբլ.) գյուղացիներից մի քանի ամիսների ընթացքում փայտի և մտրակի զորությամբ ստանում է 2550 ռուբլ.։ Այդ բավական չէ, կրկին սկսում է Բաղըր-խանը պահանջել գյուղացիներից 1800 ռուբլ.։ Ծեծը, բանտը և ամենատեսակ չարչարանքները չեն կարողանում դուրս բերել արդեն աղքատացած գյուղացիներից վերջին գումարը։ Չեղած տեղից վճարել մի այսպիսի նշանավոր գումար, անհնարին բան է։ Բռնավորը, — սպառելով յուր բոլոր տանջանքները խեղճ գյուղացիների վերա, երբ տակավին տեսնում է յուր նպատակը չկատարված, — ձեռք է առնում մի ուրիշ միջոց, մի չար միջոց, որի գործ դրվելու ժամանակ, հայը չէ խնայում ոչ միայն յուր գույքը, այլև յուր հոգին... Չարագործը ձեռնամերձ է լինում գյուղացիների կրոնական սրբություններին...